Մատչելիության հղումներ

Հայաստանում դրական ակնկալիքներ ունեն Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից


Հայաստանի նախագահը ողջունում է Իրանի առաջին փոխնախագահին, 15-ը հոկտեմբերի, 2015թ.

Հայաստանի նախագահը ողջունում է Իրանի առաջին փոխնախագահին, 15-ը հոկտեմբերի, 2015թ.

Պաշտոնական Երևանը արագ ողջունեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը: Արևմուտքի որոշումից ժամեր անց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց.- «Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ»։

Երևանում փորձագետները չեն կասկածում՝ նման զարգացումը միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության և տնտեսության վրա:

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը երեք կետ առանձնացրեց հայաստանյան տնտեսության համար. պատժամիջոցների վերացումը թույլ կտա հայկական ապրանքներին մուտք գործել իրանական մոտ 80 միլիոնանոց շուկա, Իրանը հնարավորություն կստանա օգտագործել տարբեր տեղեկություններով մինչև 100 միլիարդ դոլարի հասնող իր սառեցված ակտիվները, ինչը ներդրումների աղբյուր է Հայաստանի համար, և վերջապես՝ Իրանը կարող է այլընտրանքային ու էժան էներգակիրներ մատակարարել՝ առաջին հերթին գազ:

«Բայց շատ լավատես լինել չի կարելի, որովհետև, ըստ էության, այն ապրանքատեսակների ցանկը, որ մենք կարող ենք Իրան արտահանել, շատ սահմանափակ է։ Այսինքն պետք է լուրջ աշխատել այդ ուղղությամբ և գտնել էն նիշան, որտեղ մեր արտահանողները կարող են տեղավորվել, որովհետև մենք, ըստ էության, Իրանին էդքան շատ առաջարկելու բան չունենք։ Իրենք ունեն մեզ առաջարկելու բան»,- ասաց Թունյանը։

Տնտեսագետն ընդգծեց՝ Հայաստանի իշխանությունները և գործարարները պետք է հետևողականորեն աշխատեն՝ իրանական շուկայում տեղ զբաղեցնելու համար:

«Կոնյակը չի կարող ներկայանալ, դա մեր գլխավոր ուղղություններից մեկն է, բայց մահմեդական երկրում կոնյակ չի վաճառվի, էս ուղղությունը միանգամից դուրս է գալիս։ Մեր հանքանյութերն ու մնացած ապրանքները հիմնական սպառվում են եվրոպական շուկաներում։ Ժամանակին թեթև վերլուծություն արվել էր. սննդամթերքի որոշակի տեսակներ կարող են լինել կամ էներգետիկայի ոլորտում որոշակի համագործակցություն։ Մենք ավելի շատ կարող ենք շահել համատեղ նախագծեր իրականացնելով Իրանի հետ, քան էս պահին ինչ-որ ապրանքատեսակներ արտահանելով»,- կարծիք հայտնեց մեկնաբանը։

Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, 2015թ․ առաջին տասնմեկ ամիսներին հայ-իրանական առևտուրը կազմել է մոտ 250 միլիոն դոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի գրեթե 6 տոկոսը։ Այդ ցուցանիշով Իրանը Հայաստանի չորրորդ խոշոր առևտրային գործընկերն է:

Պատժամիջոցների վերացմանը նախորդած ամիսներին Իրանն արդեն իսկ նկատելի ակտիվություն է ցուցաբերել հարավկովկասյան ուղղությամբ: Արևմուտքի ու Թեհրանի միջև անցած հուլիսին Վիեննայում ստորագրված պատմական համաձայնությունից ընդամենը շաբաթներ անց Հայաստանն ու Իրանը պայմանագիր կնքեցին բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության մասին: Դեկտեմբերին էլ հայտնի դարձավ, որ բանակցություններ են ընթանում իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու շուրջ:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, առաջացած հնարավորությունը օգտագործելու համար Հայաստանի իշխանությունները պետք է արագ գործեն՝ պատվիրակություններ ուղարկելով Թեհրան:

«Նախորդ 72 ժամվա ընթացքում ականատես եղանք, որ Իրանի ու միջազգային ֆինանսական առաջատար հաստատությունների միջև փոխանակվեցին մի քանի հարյուր փաստաթղթեր՝ ներդրումների և առևտրի վերաբերյալ: Սա նաև նշանակում է, որ Հայաստանը կարող է հետ մնալ: Հայաստանի առջև հնարավորություն է բացվել, սակայն առայսօր մենք չենք տեսել ռազմավարական, անգամ՝ մարտավարական լուրջ ծրագրեր՝ ինչպես կարող է Հայաստանը օգտագործել այդ հնարավորությունը: Այդուհանդերձ, Իրանը սպասում էր պատժամիջոցների վերացմանը, որպեսզի իր կողմից նախաձեռնություններ ցուցաբերի, բանակցություններ սկսի: Այսօր հրամայական է, որ առաջիկա շաբաթներին հայաստանյան մի պատվիրակություն կազմվի ու մեկնի Իրան»,- ասաց վերլուծաբանը։

XS
SM
MD
LG