Մատչելիության հղումներ

Կարեն Անդրեասյանը կկրկնի իր հրաժարականը


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովում, արխիվ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովում, արխիվ

«Հրաժարականի պատճառը բազմաշերտ է և շատ բարդ է այն ներկայացնել մեկ կամ մի քանի բառով, բայց ամենակարճն ու հիմնականը հետևյալն է` եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ», - ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է Կարեն Անդրեասյանը։

Հունվարի 12-ին հրաժարական ներկայացրած երրորդ օմբուդսմենն իր գրառման մեջ մասնավորապես նշել է. - «Պատկերացնում եմ չարախոսներին, որ այս տողերից հետո ավելի մեծ կատաղությամբ կսկսեն պախարակել մեր կատարած նախկին աշխատանքը, բայց հուսամ՝ նրանք կփորձեն նաև այլ եղանակներով վաստակել իրենց օրվա հացը»:

Անդրեասյանը գրել է, որ որպես իրավաբան՝ ակնկալում է, որ բոլոր այն օրենքները, որ կընդունվեն այս տարի որպես նոր Սահմանադրության հետևանք, կլինեն իրապես մարդակենտրոն և ի օգուտ մարդու իրավունքների կլուծեն այն հարցերը, որոնց կարգավորումը ներկայիս Սահմանադրությունը բաց է թողել:

«Որպես լավատես. հուսով եմ, որ իմ զավակները կմեծանան այնպիսի Հայաստանում, որտեղ անքննելի իրականություն կդառնա օրենքի առջև բոլորի հավասարությունը, իսկ իմ որդիների զինվորական ծառայությունը կանցնի առանց թշնամական գեթ մեկ կրակոցի», - գրել է Անդրեասյանը:

Նա ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում սպասումները չարդարացրեց «օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով»:

Վերջում Անդրեասյանը հայտնել է . - «Քիչ անց կլինի իմ երկրորդ հրաժարականը»:

Նշենք, որ ըստ օրենքի, մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG