Մատչելիության հղումներ

ՌԴ նախագահի և ժողովրդի «լռելյայն համաձայնագիրը» վտանգված է։

Միջազգային ասպարեզում անցած շաբաթվա առավել կարևոր իրադարձությունն Իրանի նկատմամբ Ամերիկայի և Եվրամիության սահմանած տնտեսական պատժամիջոցների չեղարկումն է։

«Այսօրվանից մեր երկրի նավթի արտահանման սահմանափակումներն ուժի մեջ չեն»,- երեկ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Այս հանգամանքը չափազանց մեծ նշանակություն ունի նավթի միջազգային շուկաների համար։ Աշխարհում «սև ոսկու» գնանկում է, ամերիկացիները սկսել են նավթ արտահանել, Սաուդյան Արաբիան մտադիր չէ կրճատել արդյունահանումը։

Նավթով հարուստ բոլոր երկրները փորձում են շարունակել և հնարավորության դեպքում նույնիսկ ավելացնել արդյունահանումը` չնայած ամիսներ տևող գնանկմանը։

Ինչո՞ւ՝ որովհետև նավթի շուկաներում շատ դժվար է տեղ ապահովել և շատ հեշտ է այն կորցնել, նավթ արտահանող երկրները պատրաստ են նույնիսկ ցածր գնով պահպանել իրենց գրաված դիրքերը։

Եվ այս հանգամանքներում առավել տուժում են այն երկրները, որոնց տնտեսության հենքը նավթն ու գազն է։ Դասական օրինակը Ռուսաստանն է, որն այդպես էլ չի կարողացել դիվերսիֆիկացրել տնտեսությունը և, ինչպես ռուսաստանցի փորձագետներն են ասում, «մնացել է նավթի ասեղի վրա նստած»։

Նավթադոլարների հսկայական եկամուտն արտարժույթի մեծ պաշարներ է ապահովել, բայց դրանք օրըստօրե նվազում են։

Մինչդեռ, Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հավաստիացնում է, որ ազգային տարադրամը` ռուբլին, կայուն է։

«Ինչ-ինչ մեծ տատանումներ չենք ակնկալում, այսօրվա կուրսը համապատասխանում է ներկայիս վճարման հաշվեկշռին»,- ասել է Սիլուանովը։

Նրա այդ չափից շատ լավատեսական հայտարարությունն արդեն անհաշիվ հեգնական արձագանքների առիթ է դարձել սոցիալական ցանցերում։ Եվ այնուամենայնիվ Մոսկվայում, իհարկե, գիտակցում են, որ ծանր շրջան է լինելու։

«Ռուսաստանի կառավարության շինծու լավատեսությունը հօդս է ցնդել։ Երկիրը սնանկացման եզրին է»,- ասել է գերմանացի վերլուծաբան Անդրե Բալլենը։

Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը «Գայդարի ֆորում» անվամբ համաժողովում ասել է, որ Ռուսաստանը պարտավոր է հարմարվել տնտեսական նոր իրողություններին, իսկ նույն Սիլուանովը չի բացառել, որ եթե չհաջողվի օպտիմալացնել բյուջեն, ապա հնարավոր է 1998 թվականի դեֆոլտի կրկնությունը։

Դեռ մեկ-երկու շաբաթ առաջ կառավարության չինովնիկները հուսով էին, որ 2016-ին դոլարի միջին տարեկան փոխարժեքը կլինի 68 ռուբլի 20 կոպեկ, Urals տեսակի նավթի մեկ բարելի գինը` 40 դոլար, իսկ կապիտալի արտահոսքը ոչ ավել քան 50 միլիարդ դոլար։

Հիմա նույնիսկ այդ թվերն են համարվում խիստ լավատեսական։ Տեսականորեն չի բացառվում, որ նավթի մեկ բարելի գինն իջնի մինչև 15 դոլար։

Alor Broker ընկերության վերլուծաբան Ալեքսեյ Անտոնովի կարծիքով, եթե նավթի բարելի գինն իջնի մինչև 25 դոլար, 1 դոլարի գինը Ռուսաստանում կհասնի 100 ռուբլու։ Դա է՛լ ավելի կխթանի սղաճը։

Կենտրոնական բանկը կհայտնվի բարդ ընտրության առաջ` տնտեսությունը զարգացման ուղու վրա պահելու համար իջեցնե՞լ տոկոսադրույքը, թե՞ աճող ինֆլյացիայի դեմն առնելու համար այն բարձր պահել։

Կառավարությունը քննարկում է բյուջեն կրճատելու տարբերակը։ Կուտակված պաշարները զրոյանում են։ Տնտեսական բարդությունները խարխլում են այն լռելյայն համաձայնությունը, որը կնքել են նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգը և Ռուսաստանի բնակիչները։ Այդ պայմանագիրը կարելի է ներկայացնել սոսկ մեկ տողով` «կառավարությունն ապահովում է կայուն բարգավաճում, ինչի դիմաց ժողովրդից ակնկալում է քաղաքական պասիվություն»։ Երկար տարիներ գործող այդ փոխադարձ համաձայնությանը հիմա լուրջ վտանգ է սպառնում։

XS
SM
MD
LG