Մատչելիության հղումներ

Մեղադրանքներ են առաջադրվել ընտրատեղամասերի հանձնաժողովների երկու անդամների


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը Երևանի ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ.

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը Երևանի ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ.

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 4/26 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը:

«06.12.2015թ.-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբից տեղեկություն էր ստացվել, որ թիվ 4/26 տեղամասում անհայտ անձը քվեարկել է այլ անձի փոխարեն: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու ահազանգում մատնանշված հանգամանքը և այն անձին, ում փոխարեն մեկ ուրիշը կատարել է քվեարկություն։ Նյութերի նախապատրաստության ընթացքում պարզվել է, որ անձը, ում փոխարեն կատարվել է քվեարկություն, Գայանե Գյուլնազարյանն է, ով 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 4/26 ընտրատեղամաս և պարզել, որ իր փոխարեն մեկ ուրիշը քվեարկել է։

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, որի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ Գ. Գյուլնազարյանի փոխարեն քվեարկել է նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը։ Նախնական քննության տվյալներով՝ Գյուլնազարյանի անվան դիմաց լրացրել է, ստորագրել և նրա փոխարեն քվեարկել թիվ 4/26 տեղամասի հանձնաժողովի անդամ Դ. Ազատյանը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Դ. Ազատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեի մեկ այլ հաղորդագրության համաձայն, ավարտվել է թիվ 1/07 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել հանձնաժողովի անդամին:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 1/07 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Դեկտեմբերի 23-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են «1in.am» տեղեկատվական հարթակում «Լուսավոր Հայաստան»-ի անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն քվեարկել են» վերտառությամբ հրապարակված նյութի հիման վրա ոստիկանության Նոր Նորք բաժնում նախապատրաստված նյութերը։

Պարզվել է, որ 1/07 ընտրատեղամասի ընտրող Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 6-ին այցելել է ընտրատեղամաս՝ մասնակցելու քվեարկությանը, որտեղ նկատել է, որ իր փոխարեն գրանցամատյանում արդեն ստորագրված է, ինչի մասին բարձրաձայնել է: Դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, իսկ Մ. Թանդիլյանը հեռացել է ընտրատեղամասից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում դեկտեմբերի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Նախաքննությամբ պարզվել է Մ. Թանդիլյանի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ թիվ 1/07 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Կ. Ստեփանյանը ընտրողի տվյալների դիմաց գրառել է մտացածին անձնագրային տվյալներ, ստորագրել և կնքել իրեն հատկացված կնիքով, ապա՝ քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին»,- հաղորդում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG