Մատչելիության հղումներ

Հողին է հավասարեցվում Երևանի վերջին հնարժեք շենքերից մեկը


Արամի 30 հասցեում գտնվող հին կառույցն արդեն գրեթե հիմնովին քանդվել է

«Պահպանվում է հասարակության կողմից» գրառմամբ ցուցանակն անգամ չօգնեց, որ կանգուն մնա Արամի 30 հասցեում գտնվող հին կառույցը: Չնայած քաղաքացիական ակտիվիստների՝ տարիներ տևած պայքարին, 100-ամյա պատմություն ունեցող այդ շենքը քանդում են:

5 տարի առաջ «Արամի խաչմերուկ» քաղաքացիական շարժման մասնակիցները փորձեցին գոնե ժամանակավորապես հետ պահել քաղաքային իշխանություններին այդ շենքը քանդելու որոշման իրագործումից․ օրերով հերթապահեցին Աբովյան-Արամ խաչմերուկում, այն ազատեցին շինարարական պարսպից, պատերին պաստառներ փակցրեցին՝ «Այս շենքը քանդողը բարբարոս է», «Մի՛ վերացրեք պատմությունը, սա իմ տունն է» կարգախոսներով: Շարժման անդամ Արփինե Զարգարյանը հիշում է՝ արդյունքում՝ քաղաքային իշխանության ներկայացուցիչներն անգամ խոստացան լրացուցիչ քննարկել հարցը: Բայց «հաղթանակը» երկարատև չէր։

«Պատկան մարդկանցից որևէ մեկը չփորձեց վերջնական լուծում տալ հարցին: Մեզ թե՛ բանավոր, թե՛ գրավոր ասացին, որ շենքը չի քանդվելու, և նոր նախագիծ կներկայացնեն էս տարածքի համար: Բայց ասացին՝ 2 տարի ժամանակ տվեք: Ցավոք՝ ազգովի կարճ հիշողություն ունենք, 2 տարին անցավ, մենք էլ, այո, հետևողական չեղանք, ու քանդեցին․․․»:

Մի քանի տարվա հարաբերական լռությունից հետո այս օրերին տարածքում կրկին ծանր տեխնիկա է աշխատում: Բանվորների խոսքով՝ քանդման աշխատանքները դեռ երկու ամիս կընթանան:

Ճարտարապետների մի խումբ տարիներ շարունակ պնդում էր՝ այս շենքը հին Երևանի մի մասն է, որն իր շուրջը հատուկ միջավայր է ստեղծում: Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ցավով է նշում՝ քաղաքի պատմության համար այս պայքարում էլ պարտվեցին: «Նախ՝ չկա արդեն էն միջավայրը, որը պետք է պահպանել: Կան ինչ-որ հատուկենտ կառույցներ, որոնց համար ենք հիմա կռիվ տալիս, կամ չենք տալիս․․․»:

Տարածքը կառավարության կողմից գերակա շահ է ճանաչվել դեռ 8 տարի առաջ՝ 2008-ին: Շրջանառվող լուրերի համաձայն, սիրիահայ Ավետիս Կարագուլյանին պատկանող ընկերությունն էր ցանկանում այստեղ բազմահարկ հյուրանոց կառուցել, իսկ նշված շենքը քանդել՝ փողոցը լայնացնելու նպատակով: Այդուհանդերձ, ոչ անցյալում, ոչ էլ այսօր, երբ շենքն ու հարակից տարածքն արդեն քանդում են, շինհրապարակում չկա որևէ ցուցանակ այն մասին, թե ինչ է կառուցվելու հին շենքի փոխարեն:

Շենքի քանդման վերաբերյալ մեր հարցերին քաղաքապետարանից այսօր պատասխան չստացանք, բայց ավելի վաղ քաղաքային իշխանությունները ակտիվիստներին հավաստիացրել էին, թե կառույցի ճակատային մասը չի քանդվելու: Այսօր «Ազատության» տեսախցիկն արձանագրեց, սակայն, որ նշված պատից շատ քիչ բան է մնացել: Ավելին՝ տարածքում աշխատող բանվորներն էլ լուրջ կասկածներ ունեին, որ այն կպահպանվի՝ «էսօր չքանդեն, վաղը կքանդեն․․․»:

«Քայլ առ քայլ ոչնչացվում է մոտ 3000 տարվա կենսագրություն ունեցող քաղաքի պատմությունը»,- ասում են շենքի համար օր ու գիշեր պայքարած երիտասարդները՝ հավելելով՝ առանց հիշողության քաղաք ենք ժառանգում սերունդներին:

XS
SM
MD
LG