Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը հացադուլ է սկսել


«Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը:

«Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը:

«Նոր Հայաստան» շարժման անդամ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում գտնվող Գևորգ Սաֆարյանը երեկվանից հացադուլ է սկսել՝ մենախուց տեղափոխվելու պահանջով։

«Սաֆարյանի կարծիքով, իր կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում», - «Ազատության»-ը փոխանցեց այսօր նրան հանդիպած փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ - «Մի օր մնալուց հետո․․․ իրեն տարել են հացադուլավորների խուց: Պարզվել է, հացադուլավորների խցում առկա են մի քանի քրեածին տարրեր: Նա նշել է, որ հինգ րոպե խոսակցության, շփման արդյունքում առաջացավ էդ կոնֆլիկտը, և, ըստ իրեն, անգամ ասել են, որ զանգահարել են Գևորգի համար, որ ինքը չպետք է մնա ուղղակի այդտեղ: Սպառնալիքներ է տեղի ունեցել, և միջամտել է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը: Երեկվանից իրեն տեղափոխել են պատժախուց, և նա հացադուլ է հայտարարել պատժախցում՝ մինչև իրեն այնպիսի խուց չտեղավորեն, որտեղ չկան քրեական տարրերի կողմից բռնություններ»:

«Նոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանը չի ընդունում իրեն առաջադրված՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը։ Պնդում է, թե ամանորի գիշերն Ազատության հրապարակում իրավապահներն են ծեծի ենթարկել ակտիվիստներին:

Հաշվի առնելով Գևորգի մտավախությունը, փաստաբանի կարծիքով՝ գլխավոր դատախազը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի նրա խափանման միջոցը փոխելու համար։

Կալանքի որոշումը վերացնելու միջնորդությամբ երկու օր առաջ Սաֆարյանը դիմել էր Գևորգ Կոստանյանին։ Ակտիվիստի փաստաբանն այսօր դատախազությանը փոխանցեց նաև ԱԺ-ի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի և ճանաչված ռեժիսոր և դերասան Երվանդ Մանարյանի երաշխավորագիրը։

«Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու դեպքում իրենք երաշխավորում են Գևորգ Սաֆարյանի օրինական, օրինաչափ վարքագիծը, վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը, նոր հանցագործություններ չկատարելը: Օրենքը թույլատրում է, եթե անձը հեղինակավոր անձնավորություն է, այսպիսի երաշխավորությունը մեկ անձի բավարարել, բայց չորս այսպիսի անձինք երաշխավորել են»:

«Նոր Հայաստան»-ը երեկ երեկոյան հայտարարեց իր համակիրների նկատմամբ նոր բռնության դեպքի մասին։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում այսօր հանցագործության մասին հաղորդում տվեց 16-ամյա Հովհաննես Հարությունյանը, ով պնդում է, որ 3 օր առաջ՝ հունվարի 12-ի ուշ երեկոյան երկու տղամարդ Քանաքեռում ծեծել են իրեն:

Հովհաննեսի խոսքով՝ զգուշացրել են ու հարվածներ հասցրել դեմքին, որովայնի հատվածին։ Նշեց՝ եթե տեսնի, հնարավոր է ճանաչի իր վրա հարձակվողներին։

Երիտասարդի պնդմամբ՝ ինքը դեկտեմբերին նույնպես զանգեր է ստացել՝ սպառնացել ու հայհոյել են, թե՝ խելոք մնա:

«Եկան, բարևեցին: Հարցրի՝ ինչո՞վ կարամ ձեզ օգնեմ, իրանք միանգամից ինձ ժարգոնով պատասխանեցին, թե՝ որ լեզվիդ չտաս, դրանով մեզ օգնած կըլնես, պետք է հեռու մնաս, հանրահավաքների չմասնակցես․․․ Ես էլ պատասխանեցի, որ կգնամ, չեմ գնա՝ իմ գործն ա: Ժարգոնով, բարձր տոնով ասեցին՝ շատ ես լեզվիդ տալի արդեն, ու երկուսով սկսեցին ինձ հարվածել», - «Ազատության» հետ զրույցում պատմեց երիտասարդը:

Ոստիկաններին ոչ թե Հովհաննեսն է դիմել, այլ իրավապահներն են նրան այցելել այսօր առավոտյան: Տարել են բաժին և մինչև փաստաբանի գալը, ըստ երիտասարդի, փորձել են իրեն ուղղորդել, թե կենցաղային վեճ է եղել։

«Ես մեր թաղի տղաների հետ խնդիր չունեմ», - հավաստիացրեց Հովհաննեսը։ - «Ասեցի՝ կասկածում եմ ներկա իշխանությունների վրա, հատկապես կասկածում եմ ոստիկանության վրա, որովհետև ես ոստիկանության հետ բազմիցս կոնֆլիկտներ եմ ունենում: Ինձի ասում ա՝ ձև չի, դու կիմանաս ով ա քեզի խփել, կարող ա Քանաքեռից ըլի․․․ Նա ուզում էր, որ ես անմեղ մարդկանց վրա մեղքը բարդեմ»:

Հովհաննեսի փաստաբանը «Նոր Հայաստան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանն է։ Նա կարծում է, որ բռնության այս դեպքն էլ ամենայն հավանականությամբ չի բացահայտվի․ - «Ինչպես չեն բացահայտվել մեքենաների հրկիզումները, Գևորգ Սաֆարյանի դեմ մահափորձը, ակտիվիստների ծեծերի դեպքերը․․․ Ոչ մի գործ չի բացահայտվել: Ակնհայտ է, որ վարչախմբի հրահանգով գործող բանդաներ կան, որոնք, ամենայն հավանականությամբ, բաղկացած են ինչպես ոստիկանության հատուկ ծառայությունների աշխատողներից, այնպես էլ կրիմինալից»:

Հովհաննես Հարությունյանին դատաբժշկի ուղեգիր է տրվել։

XS
SM
MD
LG