Մատչելիության հղումներ

Այսօր արձանագրվել է խոզի գրիպից՝ H1N1 վարակից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է առողջապահության նախարարությունը։

Նախարարության հաղորդագրության համաձայն, հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:

«Ցավով տեղեկացնում ենք, որ չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին` արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։ Երկուսն էլ ունեին քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն։ Միացված էին արհեստական շնչառության սարքի», - հաղորդում է առողջապահության նախարարությունը՝ շարունակելով. - «Քիչ առաջ տեղեկություն ստացվեց մեկ այլ հիվանդի մահվան վերաբերյալ: Նա հունվարի 1-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում»:

«Նշենք, որ H1N1 վարակից արձանագրվել է մահվան 14 դեպք, որից 3-ը` 2015 թվականին», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG