Մատչելիության հղումներ

Փորձագետներն էլ նկատում են՝ արդեն օրինաչափություն է դարձել այն, որ միջազգային շուկայում պարենամթերքի, նավթի գները նվազում են, իսկ Հայաստանում՝ ոչ:

Չնայած երեկ կառավարության նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հավաստիացրեց, որ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մի շարք տեսակներ դեկտեմբերին չեն թանկացել, Ազգային վիճակագրական ծառայությունը ճիշտ հակառակն է փաստում:

Վարչապետը երեկ Շաբոյանին հարց ուղղեց՝ հետևե՞լ են, որ Ամանորին ընդառաջ գների անհիմն բարձրացումներ չլինեն: Վերջինս էլ, ի պատասխան, զեկուցեց, որ հանձնաժողովը խիստ վերահսկողություն է իրականացրել պարենամթերքի շուրջ քսան տեսակների գների նկատմամբ և արձանագրել, որ դեկտեմբերին դրանք չեն աճել:

«Խոսքը վերաբերում է շաքարավազին, կաթնամթերքին, կարագին, ձեթին, ձավարեղենի որոշ տեսակներին, հավի ձվին, հավի մսին: Բոլոր այդ ապրանքների գծով, Ամանորի նախաշեմին, դեկտեմբեր ամսվա ընթացքում գների աճ չի արձանագրվել»,- զեկուցեց Շաբոյանը:

Մինչդեռ, Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2015թ․ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ, թեև աննշան, սակայն, թանկացել են և՛ շաքարավազը, և՛ կաթնամթերքը, և՛ թռչնամիսն ու բուսական յուղը:

Երկու պետական կառույցները տարբեր տվյալներ են հրապարակում նաև ալյուրի գնի վերաբերյալ: Ըստ Շաբոյանի, անցած տարվա ընթացքում ալյուրը Հայաստանում էժանացել է 30 տոկոսով, մինչդեռ, Ազգային վիճակագրական ծառայությունը մշտադիտարկվող 11 քաղաքներից որևէ մեկում 2015թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին նման ցուցանիշ չի արձանագրել: Արտաշատում ալյուրն անգամ թանկացել է:

Վարչապետի հարցին՝ ինչո՞ւ ալյուրի 30 տոկոսով էժանացման պարագայում չի իջնում հացի գինը, Շաբոյանն այսպես պատասխանեց՝ «հացի գները նույնպես նվազել են, 10 տոկոսի չափով, ամեն դեպքում՝ հացի արտադրության ոլորտում կան հազարավոր տնտեսվարողներ, արտադրությունը կազմակերպվում է բազմաթիվ տնտեսվարողների կողմից, ամեն դեպքում դաշտը մրցակցային է, և այս տեսանկյունից՝ հակամրցակցային համաձայնություններ, կարծում ենք, որ չեն կարող այս ոլորտում լինել»:

Այս հարցում ևս ակնհայտ հակասություն կա ԱՎԾ-ի տվյալների հետ, որոնց համաձայն, 2015թ․ հունվար-նոյեմբերին հացի գինը մոտ 10 տոկոսով նվազել է միայն Եղեգնաձորում: Ավելին՝ անցած դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ողջ հանրապետությունում հացամթերքը թանկացել է 0.1 տոկոսով:

Երևանի փողոցներում մեզ հետ զրույցի բռնված մարդիկ նույնպես չէին վստահում Շաբոյանի ներկայացրած թվերին՝ «Ազատության» հետ զրույցներում պնդելով, որ հացի գնի նվազում չեն նկատել:

«Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, վաղուց օրինաչափություն է դարձել այն, որ միջազգային շուկայում պարենամթերքի, նավթի գները նվազում են, բայց Հայաստանում՝ ոչ: Պատճառը, ըստ նրա, մենաշնորհներն են:

«Աշխարհում ցորենը էժանացել է 25-30 տոկոսով, բայց, նույնիսկ դրամի կայունության պայմաններում, Հայաստանում չի էժանացել ո՛չ ալյուրը, ո՛չ էլ հացը: Հացը, բնականաբար, չէր կարող էժանանալ, քանի որ ալյուրը չի էժանացել: Պաշտոնական տվյալներով, վերջին կես տարվա ընթացքում, չնայած աշխարհում ցորենի գնի կտրուկ նվազմանը, Հայաստանում արտադրվող ալյուրը չի էժանացել: Հայաստանում ալյուր արտադրող հիմնական ընկերությունն էլ Բաղրամյանի ալրաղացն է, որը պատկանում է մեր շատ սիրելի Սամվել Ալեքսանյանին»,- հեգնում է մեկնաբանը:

XS
SM
MD
LG