Մատչելիության հղումներ

logo-print

Առողջապահության նախարարությունը իրավիճակը դեռևս չի որակում որպես «համաճարակ», թեև արդեն մահվան 14 դեպք է գրանցվել, հոսպիտալացվել է շուրջ 1000 մարդ: ԼՐԱՑՎԱԾ

Այսօր հաղորդվեց H1N1 հարուցիչի բարդացումից՝ խոզի գրիպից մահացության ևս երեք դեպքի մասին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, մահացածներից երկուսը մայրաքաղաքից էին՝ 65 և 68 տարեկան, ունեին քրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, սրտի անբավարարություն։

Ավելի ուշ առողջապահության նախարարությունը հաղորդեց մեկ այլ հիվանդի մահվան մասին։ «Նա հունվարի 1-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում», - ասված է հաղորդագրությունում։

Այս պահին գրիպից մահացածների թիվն արդեն հասել է 14-ի: Առողջապահության նախարարությունը, սակայն, իրավիճակը դեռևս չի որակում որպես «համաճարակ»: Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյան․

«Մահանալը և համաճարակն այդքան էլ ուղիղ համեմատական կապի մեջ չեն: Մահանալը․․․ դա ծանր դեպքերի տոկոսային քանակի մասին է խոսքը, իսկ համաճարակը՝ դա ընդհանուր ազգաբնակչության հիվանդացության թվերի վերջին 5 տարիների միջին թվից 3-4 անգամ աճի մասին է խոսքը: Իհարկե, ես ընդունում եմ այն փաստը, որ հիվանդ մարդիկ պետք է չհաճախեն․․․դրա համար մենք ասում ենք՝ գնացեք պոլիկլինիկա, վերցրեք անաշխատունակության թերթիկներ, եթե որևէ մեկը խոչընդոտ կհանդիսանա, մենք պատրաստ ենք դեպքը մանրամասն քննարկել»:

Մինչդեռ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժում ստացող հիվանդները համաձայն չեն պաշտոնական տեսակետի հետ։ «Եթե դպրոցները փակում են, ուրեմն կա համաճարակ, ինչու՞ բուհերը չեն փակում»: «Էս համաճարակ ա, մենք կարծում ենք, բայց իրանք անընդհատ շեշտում են, որ համաճարակ չի․․․էդ դեպքում ինչու՞ չեն բացում պարտեզներն ու դպրոցները»:

Վերջին տվյալներով, Հայաստանի հիվանդանոցներում շուրջ 1000 հիվանդ է բուժվում, գերակշիռ մասը երեխաներ են։ 98 հիվանդներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում, նրանցից 9-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Չնայած նախարարության հրամանին ու հավաստիացումներին, թե բուժումն անվճար է, շարունակում են հաղորդումներ ստացվել այն մասին, որ հիվանդանոցներում բոժման համար գումար են պահանջում։ Այդպիսի մի դեպք այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է տեղի ունեցել։

«Իրենք նախարարությունից գրավոր հրաման չեն ստացել: Երկկողմանի թոքաբորբ ա էդ գրիպի հետևանքով, երրորդ օրն ա պառկած՝ շատ ծանր վիճակում», «որտեղ դուռ ես բացում, բարևի փոխարեն գումարի են սպասում»:

Առողջապահության նախարարությունը հավաստիացնում է, որ բոլոր հիվանդանոցներում իրավիճակը վերահսկում են իրենց ներկայացուցիչները։ Առայժմ, սակայն, կոռուպցիոն որևէ դեպքի մասին չի հաղորդվել, որևէ բժիշկ կամ բուժաշխատող պատասխանատվության չի ենթարկվել։ Նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանն ասում է, որ նմանատիպ ահազանգերի քննության հետ կապված, կա նախարարի հրամանը, և իրենք հետամուտ են լինելու հրամանի իրականացմանը:

Երեկոյան նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ երկրի հիվանդանոցներից ապաքինմամբ դուրս է գրվել սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 148 մարդ, որից 120-ը` մինչև 18 տարեկան: Նրանցից 37-ի մոտ ախտորոշված էր թոքաբորք (21-ը` մինչև 18 տարեկան): H1N1 վարակով երեք հիվանդ այսօր վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառական սարքի միացված մեկ այլ հիվանդի դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: Այժմ հիվանդի վիճակը բարելավվել է, ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG