Մատչելիության հղումներ

logo-print

«Ուկրաինան այս տարի կվերականգնի տարածքային ամբողջականությունը»


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն տարեկան ասուլիսում ամփոփում է 2015 թվականի արդյունքները, Կիև, 14 հունվարի, 2016թ.

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն տարեկան ասուլիսում ամփոփում է 2015 թվականի արդյունքները, Կիև, 14 հունվարի, 2016թ.

Ստեղծել Ղրիմի ապաբռնակցման մեխանիզմ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ հայտարարել է, որ այս տարվա ընթացքում երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։

«2016 թվականին Ուկրաինայի ինքնիշխանությումը Դոնեցկի և Լուգանսկի նկատմամբ պետք է վերականգնվի։ Ղրիմը վերադարձնելու համար պայքարը պետք է առաջնահերթություն լինի մեր օրակարգում։ Մենք առաջարկում ենք ստեղծել թերակղզու ապաբռնակցման միջազգային մեխանիզմ», - երեկ Կիևում իր տարեկան ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը։

Նրա համոզմամբ, այդ գործընթացին պետք է մասնակցեն Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, գուցե նաև Բուդապեշտի հուշագիրը ստորագրած կողմերը։ Այդ հուշագրով Ուկրաինան Խորհրդային Միության փլուզումից հետո հրաժարվել է խորհրդային միջուկային զենքից՝ պայմանով, որ միջազգային համայնքը երաշխավորում է երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Հուշագիրը Հունգարիայի մայրաքաղաքում 1994 թվականին ստորագրել են Ուկրաինան, Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան։

Ի դեպ, երբ ռուսները 2014 թվականի գարնանը բռնակցեցին Ղրիմը, լրագրողները հարցրեցին Վլադիմիր Պուտինին, թե արդյոք դա չի՞ հակասում Բուդապեշտի հուշագրին։ Պուտինը պատասխանել էր, թե «Ղրիմը Ռուսաստանին միավորելու ժամանակ այլևս չի եղել այն Ուկրաինան, որի տարածքային ամբողջականությունը երաշխավորվել է 1994 թվականի հուշագրով»։

2016 թվականի նպատակն է ստեղծել հաջողված երկիր

Իր տարեկան ասուլիսում Պորոշենկոն ասել է, թե երկրի կարևոր օրակարգը լիովին փոխվել է․ - «2015-ի հունվարին մեր հիմնական խնդիրը գոյատևելն էր, իսկ 2016-ի հունվարին ասում ենք, որ մեր նպատակն է ստեղծել հաջողված երկիր»:

Նրա խոսքերով, հանրությունը, բանակը, կառավարությունը հզորացրել են երկիրը։

«Ուզո՞ւմ եք հոսանք` ճանաչեք ամբողջականությունը»

Երեկ Պորոշենկոն անդրադարձել է նաև Ղրիմի էլեկտրամատակարարման հարցին։ Նա ասել է, որ Կիևը պատրաստ է վերականգնել թերակղզու մատակարարումը, բայց միայն այն բանից հետո, եթե Ղրիմը ենթարկվի Ուկրաինային։

«Ուզո՞ւմ ենք հոսանք՝ կտանք, սակայն ընդունեք, որ Ղրիմն Ուկրաինայինն է։ Չե՞ք ուզում` մենք կսպասենք, որ Ղրիմը նորից դառնա ուկրաինական», - ասել է Պորոշենկոն։

Նրա խոսքերով, Կիևն ամեն բան անում է Ղրիմի բնակչության սոցիալական խնդիրները մեղմելու համար, սակայն թերակղզու այսօրվա ղեկավարները չեն ցանկանում երկարաձգել հոսանքի մատակարարման պայմանագիրը, որում Ղրիմը պետք է նշվի որպես Ուկրաինայի կազմում գտնվող ինքնավար հանրապետություն։

Ղրիմի էլեկտրամատակարարման ընդհատումները սկսվել են 2015-ի նոյեմբերի 22-ին՝ այն բանից հետո, երբ թերակղզի հոսանք հասցնող էլեկտրասյուներից մի քանիսը պայթեցվել են։

«Գազային ասեղ այլևս չկա»

Իսկ բուն Ուկրաինան, Կիևի պնդմամբ, կարողացել է էներգակիրների մատակարարման հարցում հաղթահարել կախվածությունը Ռուսաստանից, կամ, ինչպես Պորոշենկոն է ձևակերպել՝ «ազատվել այդ անեծքից»․ - «Գազային ասեղը, որի վրա տասնամյակներ շարունակ նստած էր մեր երկիրը, որը մեր գոյությանը սպառնացող անեծք էր, այլևս չկա, հիմա Ուկրաինան ինտեգրվում է եվրոպական էներգետիկ շուկա»։

Հիշեցնենք, որ այս բոլոր քաղաքական-տնտեսական խնդիրները սրվել են 2014 թվականի գարնանը Արևելյան Ուկրաինայում մեկնարկած պատերազմի ընթացքում, որի արդյունքում զոհվել է ավելի քան 9100 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG