Մատչելիության հղումներ

Լոնդոնում անցկացվել են հայ-բրիտանական ռազմաքաղաքական խորհրդակցություններ


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Լոնդոնում երեկ անցկացվել են հայ-բրիտանական երկրորդ ռազմաքաղաքական խորհրդակցությունները։

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, խորհրդակցություններին մասնակցել են՝ հայկական կողմից՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, բրիտանական կողմից՝ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգային քաղաքականության տնօրեն Նիք Գըրի գլխավորած պատվիրակությունները:

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանական բնագավառում 2015 թվականի երկկողմ համագործակցության արդյունքները և քննարկվել են 2016-2017 թվականների համագործակցության հեռանկարները:

Պատվիրակության ղեկավարները ստորագրել են Հայաստանի և Միացյալ Թագավարության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական բնագավառում 2016-2017 թվականների համագործակցության պլանը: Այն ընդգրկում է համագործակցության մոտ երկու տասնյակ ուղղություններ, որոնք հիմնականում առնչվում են ռազմական կրթությանը և վերապատրաստմանը, տարբեր ոլորտներում փորձի փոխանակմանը, ասված է հաղորդագրությունում:

Նույն օրը տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության հանդիպումը Միացյալ Թագավորության արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով դիրեկտորատի տնօրեն Մայքլ Թաթհամի հետ: Քննարկվել են երկկողմ պաշտպանական համագործակցությանը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր: Մասնավորապես՝ ներկայացվել է զինված դիմակայության իրավիճակը:

Այսօր Միացյալ Թագավորության խորհրդարանում նախատեսվում է հանդիպում Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ստեֆան Փաունդի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG