Մատչելիության հղումներ

Պարզվել է թիվ 8/25-ում այլ անձի փոխարեն քվեարկել փորձած անձի ինքնությունը


Սահմանադրական հանրաքվեի քվեարկությունը Երևանի ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

Սահմանադրական հանրաքվեի քվեարկությունը Երևանի ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը։

«2015 թվականի դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի տեղեկատվական հարթակում հրապարակվել է նյութ առ այն, որ թիվ 112 դպրոցում տեղակայված թիվ 8/25 ընտրատեղամասում ընտրողը 2 անգամ է քվեարկել, իսկ հանձնաժողովը չի արձանագրել խախտումը», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում: - «Ահազանգում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, մի երիտասարդ, մոտենալով թիվ 8/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մայիս Հարությունյանին, կնքելու համար վերջինիս է տվել իր անձնագիրը և քվեածրարը, որի ժամանակ հանձնաժողովի անդամը նկատել է, որ տվյալ անձն արդեն մեկ անգամ քվեարկել է, քանի որ անձնագրում արդեն իսկ առկա է եղել դրոշմակնիքը, և կանչել հանձնաժողովի նախագահին: Նույն պահին երիտասարդը վերցրել է անձնագիրը և շտապ հեռացել ընտրատեղամասից: Նշված փաստն արձանագրվել է թիվ 8/25 ընտրատեղամասի գրանցամատյանում»:

Նախնական քննության տվյալներով՝ նշված ընտրատեղամասում քվեարկելու փորձ է կատարել մեկ այլ՝ թիվ 8/20 ընտրատեղամասի ընտրող Գ. Խաչատրյանը։ «Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ վերջինս 2015 թվականի դեկտեմբերի 6-ին իր ընտրատեղամասում՝ թիվ 8/20, մասնակցել է հանրաքվեին, ապա գնացել թիվ 8/25 ընտրատեղամաս՝ փորձելով այնտեղ ևս քվեարկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG