Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Դիվերսիոն հետախուզական փորձ է կասեցվել, առնվազն երկու ադրբեջանցի զոհվել է


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Հունվարի 14-ին և լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:

Բացի վերոնշյալից, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հունվարի 14-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Արդյունքում սպանվել է հակառակորդի առնվազն երկու զինծառայող, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի, ասված է հաղորդագրությունում:

Արձանագրված փոխհրաձգության ընթացքում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է դիվերսիայի փորձի և իր կորուստների մասին տեղեկատվությունը, պնդելով, թե «թշնամական կողմը տարածում է իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ, որոնք մոլորեցնում են հանրությանը, այդպիսով հող նախապատրաստելով ապագա սադրանքների համար»:

Հիշեցնենք, չնայած այս տարվա սկզբից շփման գծում իրավիճակը, հայկական կողմի հաղորդագրությունների համաձայն, համեմատաբար կայունացել է, հունվարի 9-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում սպանվեց ՊԲ 19-ամյա զինծառայող Արամայիս Ոսկանյանը: Հայկական կողմը հայտարարեց, որ սահմանային իրավիճակի լարումը և Ղարաբաղում հայ զինծառայողի սպանությունը անպատասխան չի մնալու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG