Մատչելիության հղումներ

Catholic News. Հռոմի պապը հնարավոր է այս տարի այցելի Հայաստան


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցում, 12-ը ապրիլի, 2015թ.
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցում, 12-ը ապրիլի, 2015թ.

Ըստ գործակալության, այցելությունը կարող է տեղի ունենալ հունիսին։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հնարավոր է այս տարվա ընթացքում այցելի Հայաստան։ Այդ մասին հաղորդում է Catholic News գործակալությունը։

Հաղորդագրությունում նշված է, որ Հռոմի պապի 2016 թվականի արտասահմանյան այցելությունների գրաֆիկում երկու լրացուցիչ այց է ավելանալու, որոնցից մեկը հավանաբար Հայաստանն է։

Պապի այցելությունները, ընդունելությունները ծրագրող բաժնի հրապարակած 2016 թվականի առաջին կիսամյակի գրաֆիկում Ֆրանցիսկոսը մայիսին և հունիսին մի քանի ազատ օր է ունենալու, ինչը ենթադրել է տալիս, որ նա կարող է լրացուցիչ երկու այցելություններ կատարել։

Հայաստան այցերի կոնկրետ պլանավորված գրաֆիկ չկա, դա պաշտոնապես հաստատող որևէ տեղեկատվություն չկա, սակայն Catholic News գործակալությունը հաղորդում է, որ ըստ իրենց աղբյուրների՝ Ֆրանցիսկոս պապն, ամենայն հավանականությամբ, 2016 թվականի ընթացքում այցելելու է Հայաստան։

Գործակալությունը հիշեցնում է նաև, որ անցյալ տարի սեպտեմբերին կարդինալ Լեոնարդո Սանդրին, երբ Հայաստանում էր, ասել է, թե Պապը ցանկանում է այցելել Հայաստան։

Ֆրանցիսկոս պապը նույնպես 2014 թվականի նոյեմբերին ասել էր, որ Հայ եկեղեցու երեք պատրիարքներին խոստացել է այցելել Հայաստան։ «Ես չգիտեմ՝ արդյոք դա հնարավոր կլինի, բայց ես խոսք եմ տվել», - նշել էր նա։

Գործակալությունը հնարավոր է համարում, որ այցելությունը տեղի ունենա հունիսին. հունիսի 22-26-ը Հռոմի պապի գրաֆիկում չորս ազատ օր կա, և հնարավոր է դա օգտագործվի Հայաստան այցելելու համար։

Իսկ այս պահի դրությամբ Հռոմի պապի արտասահմանյան երկու այցելություն կա հաստատված՝ փետրվարի 12-18-ը Ֆրանցիսկոս պապն այցելելու է Մեքսիկա, իսկ հուլիսի վերջերին՝ Լեհաստան՝ մասնակցելու Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումներին, որոնք անցկացվելու են հուլիսի 26-31-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG