Մատչելիության հղումներ

ՀՀԿ. Դժգոհությունները չպետք է օմբուդսմենի հրաժարականի պատճառ դառնան


Հերմինե Նաղդալյան, արխիվ
Հերմինե Նաղդալյան, արխիվ

Երեկ իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստում մարդու իրավունքների հաջորդ պաշտպանի հարցը չի քննարկվել։

Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Հերմինե Նաղդալյանը չհստակեցրեց՝ արդյոք իշխող կուսակցությունում դժգո՞հ էին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գործունեությունից:

Հինգշաբթի երեկոյան կայացած Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով նշված հարցին՝ Նաղդալյանն ասաց. - «Ինչ վերաբերվում է գոհ և դժգոհին, ապա կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը դա այն պաշտոնյան է, և այն առաքելությունն է, և այն դերակատարությունն է, որից կարող են դժգոհ լինել շատ մարդիկ՝ և՛ պաշտոնյաներ, և՛ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, բայց դա չի նշանակում, որ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ այդ դժգոհությունը կարող է հանգեցնել հրաժարականի, կամ կարող է հանգեցնել իր առաքելությունը դադարեցնելուն»։

Միաժամանակ, ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամը հավելեց՝ չի կարծում, որ իր կուսակիցների կողմից օմբուդսմենի հասցեին նախկինում հնչեցված քննադատությունը պատճառ պետք է հանդիսանար Կարեն Անդրեասյանի հրաժարականի համար:

Պաշտոնից հրաժարվելու՝ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի որոշումը հաջորդեց իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ սուր բանավեճին:

Անցած տարվա հոկտեմբերին խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի զեկույցի քննարկմանը հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «փնթի», «անատամ», «ջուր ծեծոցի» որակեց փաստաթուղթը, ինչին ի պատասխան Անդրեասյանը հայտարարեց, որ «Ֆարմանյանը կեղտոտ պատվեր է կատարել»՝ չմանրամասնելով, թե ում պատվերը:

Իսկ դեկտեմբերին հրապարակային սուր բանավեճ ծագեց օմբուդսմենի ու կրթության և գիտության նախարար, հանրապետական Արմեն Աշոտյանի միջև:

Հրաժարականի մասին օմբուդսմենի դիմումից հետո, լրատվամիջոցներում սկսեցին շրջանառվել մի քանի հոգու անուններ, ովքեր կարող են հաջորդել Կարեն Անդրեասյանին: Հերմինե Նաղդալյանին հարցրեցինք՝ մարդու իրավունքների պաշտպանի նոր թեկնածուի շուրջ ՀՀԿ-ում քննարկումներ եղե՞լ են, կա՞ ընտրված թեկնածու:

«Ինչ վերաբերում է ապագայում առաջադրվելիք թեկնածուներին՝ նման քննարկումներ դեռևս տեղի չեն ունեցել։ Գիտեք, որ գործընթացը իրավական տեսակետից նաև դեռևս փուլ ունի, որովհետև առաջին դիմումից հետո մարդու իրավունքների պաշտպանը, եթե չեմ սխալվում, տասնօրյա ժամկետում պետք է նաև իր երկրորդ դիմումը ներկայացնի, որից հետո նոր խնդիրը կմտնի հաջորդ փուլ։ Բայց այնուամենայնիվ ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ այսօրվա գործադիր մարմնի նիստում այս խնդիրը չի քննարկվել», - ասաց Նաղդալյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG