Մատչելիության հղումներ

Նաղդալյանը վստահեցնում է՝ լրջորեն աշխատում են վիճահարույց բանաձևերը չեզոքացնելու համար


Հերմինե Նաղդալյան
Հերմինե Նաղդալյան

Հայկական կողմն առայժմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը բոյկոտելու հարց չի քննարկել։

Պատվիրակության որոշ անդամներ այս պահին դիվանագիտական առաքելությամբ արտասահմանում են։ Խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը փակագծեր չի բացում, սակայն վստահեցնում է՝ ԵԽԽՎ-ի լիագումար նիստում ընդգրկված երկու ոչ հայանպաստ բանաձևերը չեզոքացնելու համար լուրջ աշխատանքներ են տարվում։

«Հիմնականում էսօր զբաղված ենք մեր բնականոն աշխատանքով՝ փորձելով մեր գործընկերների հետ համագործակցված, բացատրական աշխատանք կատարել այն զեկույցների վերաբերյալ, որ հունվարին քննարկվելու են»,- ասաց նա։

Հունվարի 25-ին Ստրասբուրգում 47 երկրների պատգամավորների քննարկմանը կներկայացվեն «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում», ինչպես նաև «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցները, որոնցում Ղարաբաղի համար վիճահարույց մի շարք ձևակերպումներից բացի, կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, ինչպես նաև հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»։

Նաղդալյանը պնդում է՝ բանաձևերն օրակարգում հայտնվեցին ոչ հայկական պատվիրակության մեղքով, պարզապես Վեհաժողովը շատ է հեռացել ժողովրդավարական արժեքներից։

«Կան որոշակի մարդիկ, որոնք իրենց լոբբիստական գործունեության կամ իրենց աջակցական քայլերի մեջ չափից ավելի անսահման նվիրված են ադրբեջանական գաղափարներին կամ շահերի, և շատ դեպքերում դրանք որևէ բանով հիմնավորված չեն՝ բացի իրենց անձնական շահագրգռություններից»,- ասաց հայկական պատվիրակության ղեկավարը։

Բանաձևերի ընդունումը կասեցնելու ակտիվ աշխատանք է կատարում նաև ընդդիմադիր Դաշնակցությունը։ Վեհաժողովում պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը գործուղման է։ Խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝ Դաշնակցության ներկայացուցիչներն այս օրերին լուրջ քարոզչություն են ծավալում։

«Ինչ-որ արդյունք կտա այս աշխատանքը։ Եթե նույնիսկ վերջնական արդյունք չունենանք և եթե նույնիսկ բանաձևերը ընդունվեն, սա չի նշանակի, թե այդ աշխատանքը ավելորդ էր։ Սա հիմք կստեղծի հետագայում իսկապես համակարգված աշխատանքի, որը պակասում էր»,- ասաց Վարդանյանը։

Ի նշան բողոքի՝ համացանցում մեկնարկել է նաև էլեկտրոնային ստորագրահավաք։ Հանրապետական Հերմինե Նաղդալյանը կոչ է անում միանալ նախաձեռնությանը, պնդում է՝ ստորագրությունները շատ կարևոր են, դրանք հայկական կողմի համար կարող են նաև զենք դառնալ։ «Ստորագրահավաքը հանրության արձագանքն է, կարծիքն է։ Իսկ ԵԽԽՎ-ի համար հանրության կարծիքը, արձագանքը, կարծում եմ, պետք է առաջին և ամենակարևոր արժեքավոր հանգամանքը լինեն»։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պատվիրակության այժմյան աշխատանքը տեղին, բայց ուշացած է համարում։ Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պնդմամբ՝ բանաձևերը լիագումար նիստում հայտնվեցին իշխանության անգործության հետևանքով։

«Հիմա վերջին շաբաթներին ափալ-թափալ, հապշտապ ինչ-որ գործեր են անում, լարվել են, բոլոր ջանքերը սկսել են իրագործել։ Ինչ ասեմ, ասում են՝ ստեղծում ենք դժվարությունները, որ հետո հերոսաբար դրանք հաղթահարենք, սա հենց էդ տարբերակն է։ Ես կարծում եմ, որ շատ ուշացած ջանքեր են սրանք»,- ասաց Զուրաբյանը։

Մինչդեռ հանրապետականները համամիտ չեն ընդդիմախոսների հետ։ Նաղդալյանը վստահեցնում է՝ իր ղեկավարած պատվիրակությունը ժամանակը զուր չի վատնել.- «Հատկապես միջազգային հարթակներում աշխատող պատվիրակությունները զբաղված են պրոֆեսիոնալ, համակարգված, կանոնակարգված աշխատանքով, և որևէ մեկը շոփինգի կամ ինչ-որ ժամանցի համար եվրոպաներում չի կարող պարզապես ժամանակ անցկացնել»։

XS
SM
MD
LG