Մատչելիության հղումներ

Ինքնասպանություն «Արմավիր» ՔԿՀ-ում՝ այնտեղ ընդամենը մի քանի ժամ անցկացնելուց հետո


«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ընդամենը մի քանի ժամ մնալուց հետո 20-ամյա Անզոր Կարապետյանը հունվարի 4-ին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել:

Արմավիրում բնակվող երիտասարդի հարազատները, սակայն, պաշտոնական վարկածին չեն հավատում և պնդում են՝ դիահերձման ժամանակ մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել:

Հայրը` Մարատ Կարապետյանը, «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ դեկտեմբերի 31-ին որդին վիճաբանությունից հետո ինքնակամ ներկայացել է քաղաքի ոստիկանություն, որտեղ նրան ձերբակալել են, իսկ հունվարի 3-ին կալանավորել՝ սպանության փորձի հատկանիշով, ու տեղափոխել«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

«Ամսի 3-ին տարել են, ամսի 4-ին՝ իրիկունը դա է եղել, մի օր էլ չի անցել, իրեն դատարան են տարել, սանկցիա են դրել իրա վրա, մի օրից քիչ է անցել։ Իրեն ուշ ժամի՝ մոտավորապես 11-ին տարել մեկուսարան, մյուս օրը ժամը 7-ից 7 անց 10-ի սահմաններում տեսել են, որ ինքնասպան է եղել»,- պատմեց հայրը։

Մարատ Կարապետյանը պատմեց, որ որդին անցած տարի ամռանն էր վերադարձել բանակից, առաջիկայում պետք է աշխատանքի անցներ, աշխույժ էր ու բազմաթիվ ծրագրեր ուներ, բացի այդ՝ ինքը կալանավորումից առաջ հանդիպել էր որդուն, ով, հոր խոսքերով, «նորմալ տրամադրության մեջ էր», ընկերները նույնպես վկայել են, որ նա երբևէ չի խոսել ինքնասպան լինելու մտադրության մասին։

«Ես չեմ հավատում, որովհետև ինքը բանակ ծառայած է եղել, դաժե բանակում տասը օր էլ կարգապահական է գնացել, ինքը խեղճ տղա չէր, որ ինքն իրա վրա ձեռք բարձրացներ»,- ասաց հայրը։

Դեպքից հետո հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշով: «Ազատության» հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ այս պահին կասկածյալ ու մեղադրյալ չկա:

Ի դեպ, սա մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արձանագրված արդեն երրորդ ինքնասպանության դեպքն է, ընդ որում, պաշտոնական վարկածի համաձայն, բոլորն էլ իրենց կյանքին վերջ են տվել կախվելու միջոցով: Հայաստանում գործող քրեակատարողական 12 հիմնարկներից «Արմավիրը» ամենանորն է: Շուրջ մեկ տարի առաջ բացմանը ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը, և այն ժամանակ բարձր մակարդակով հայտարարվեց, որ միջազգային չափանիշներին համապատասխանող կառույցում դատապարտյալների պայմանները էականորեն բարելավված են:

«Ազատության» հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց՝ իրենց տեղեկությունների համաձայն՝ Անզոր Կարապետյանը գտնվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նույն այն խցում, որտեղ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին մեկ այլ դատապարտյալ կախվել էր:

«Նաև այն հանգամանքը, որ վերջին մեկ ամսվա ընթացքում, այսպես կոչված, եվրոպական չափանիշներին համապատասխանող քրեակատարողական հիմնարկում արդեն մահացության երրորդ դեպքն է, սա նշանակում է, որ այդ հիմնարկում մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից կան բավական լուրջ մտահոգող գործոններ, և շենքային պայմանների համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին ամենևին էլ երաշխիք չէ, որ կարող է ազատազրկված անձանց նկատմամբ լինել մարդկային վերաբերմունք»,- ասաց իրավապաշտպանը։

Դիմեցինք Արդարադատության նախարարություն, փորձելով պարզել՝ ինչո՞ւ են քրեակատարողական այդ հիմնարկում ինքնասպանության դեպքերը միմյանց հաջորդում, արձագանքեցին՝ «դեպքի հանգամանքները պարզելու համար ընթանում է նախաքննություն, հետևաբար՝ որևէ մեկնաբանություն այս պահին տալ չենք կարող»:

XS
SM
MD
LG