Մատչելիության հղումներ

logo-print

«Ուլիս»-ի մարզիչը չի ընդունում առաջադրված մեղադրանքը


«Ուլիս»-ի մարզիչ Գագիկ Սիմոնյանը, արխիվ

«Ուլիս»-ի մարզիչ Գագիկ Սիմոնյանը, արխիվ

Ըստ ԱԱԾ-ի, մարզիչ Գագիկ Սիմոնյանը, այլ կասկածյալների հետ «հանցավոր համաձայնությամբ», «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել է 1000 - 3000 դոլարի խաղադրույքներ և, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքներ՝ ստացել ապօրինի շահույթ:

«Ուլիս» ֆուտբոլային ակումբի մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ով օրեր առաջ կալանավորվեց ֆուտբոլային ծախված խաղերին և խաղադրույքներին մասնակցություն ունենալու կասկածանքով, առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այսօր այս մասին հայտարարեց Սիմոնյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

«Խաղադրույքի հետ կապված՝ վերջինս ինձ տեղեկացրել է, որ բացարձակ ոչ խաղադրույք է կատարել, ոչ էլ ցուցում է տվել երրորդ անձի կամ հորդորել է, որպեսզի կատարի խաղադրույք: Դրանք բոլորը հարցեր են, որոնք ենթակա են ճշտման նախաքննության կողմից, և այո, հակված եմ, որ նախաքննությունը գնալու է օբեկտիվ, որի շրջանակներում այդ բոլոր հարցերի պատասխանը կտրվի»,- «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, թե բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դեպք: Ըստ հաղորդագրության՝ «Ուլիս»-ի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանի, ակումբի ադմինիստրատորի և մարզչի օգնականի հետ «հանցավոր համաձայնությամբ», «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000 - 3000 դոլարի խաղադրույքներ և, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքներ՝ ստացել ապօրինի շահույթ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չցանկացավ մեկնաբանել տեղի ունեցածը: Շուրջ երկու ամիս առաջ, սակայն, «Ազատության» հետ զրույցում Հայրապետյանն ասել էր, որ Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ որոշ ֆուտբոլիստների կողմից տեղի է ունեցել «դավաճանություն»:

Արդյո՞ք ֆեդերացիայի նախագահը ներգրավված է «Ուլիս»-ի ներկայացուցիչներին առնչվող քրեական գործում, այս հարցին ի պատասխան՝ կալանավորված մարզչի պաշտպանը նշեց. - «Ես չգիտեմ այս գործի շրջանակներում վերջինիս մասնակցության աստիճանն ինչպիսին է: Բայց եթե ֆեդերացիայի նախագահը տեսնում է, որ հակաօրինական, ենթադրաբար քրեորեն հետապնդելի արարք է կատարվում, վերջինս, այո, պարտավոր էր պետական լիազոր մարմիններին տեղեկացնել»:

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը պահանջող՝ ֆուտբոլի երկրպագուների FAF խմբի անդամ Խաչիկ Թադևոսյանի խոսքով՝ «Ուլիս»-ի ներկայացուցիչների հետ կապվող խարդախության դեպքը ցույց է տալիս, որ հայկական ֆուտբոլում լուրջ համակարգային խնդիր կա:

«Ֆեդերացիան, իմ կարծիքով, չի աջակցել, չի ստեղծել էն նախադրյալները, որ մաքրություն լինի հայկական ֆուտբոլում, որ թափանցիկություն լինի, որ թիմերը չունենան էսպիսի գործարքների, էսպիսի կեղտոտ խաղերի հնարավորություններ: Թիմերը գումար չեն աշխատում, այսինքն՝ բիզնես մոդել չկա, ինչը, իհարկե, ֆեդերացիայի բացթողումն է, քանզի ամեն տեղ պետք է մրցակցային դաշտ ստեղծել, որ մարդիկ հաճախեն ֆուտբոլ, որ թիմերը կարողանան գովազդների միջոցով, տոմսերի միջոցով գումար աշխատել: Հայաստանում էդ բաղադրիչը բացակայում է: Իսկ էս տեսակ համակարգում, երբ ամեն ինչ ստաբիլ հիմքերի վրա դրված չէ, ավելի հավանական են այս խարդախություններն ու խնդիրները»,- ասաց Թադևոսյանը:

«Ուլիս» ֆուտբոլային ակումբի հիմնական բաժնետեր, ֆուտբոլային գործակալ Վալերի Հովհաննիսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Ակումբի մարզչի դեմ գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը: Դրա պատճառը, ըստ ծառայության մամուլի խոսնակի, կարող է լինել գործի հանդեպ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև այն, որ գործում խոշոր գումարներ են շրջանառվում:

XS
SM
MD
LG