Մատչելիության հղումներ

Ռուս գեներալին կասկածում են... 50 կիլոմետր ճանապարհ գողանալու մեջ


Ռուսական բանտ, արխիվ

Ռուսական բանտ, արխիվ

Մեղավոր ճանաչվելու դեպքում Կոմիի քրեակատարողական հիմնարկների վարչության ղեկավարը կարող է դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման։

Ռուսաստանում կալանավորել են Կոմի հանրապետության քրեակատարողական հիմնարկների վարչության ղեկավար, ներքին գործերի նախարարության գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Պրոտոպոպովին։

Նրան ներկայացված մեղադրանքը, ամենայն հավանականությամբ, կարող է տեղ գտնել Գինեսի ռեկորդների գրքում, ինչպես նաև ռուսաց հանցավորության պատմության մասին բոլոր աշխատություններում։

Գեներալ-լեյտենանտը, քննիչների պնդմամբ, գողացել է ոչ ավել, ոչ պակաս՝ 50 կիլոմետր ճանապարհ։

Խոսքը ճանապարհ կառուցելու հաստատված ծրագրի մասին չէ, որի համար պետությունը գումար է հատկացրել, և չարանենգ չինովնիկը փողը յուրացրել է․ այսպիսի «չարաճճի» բաներով հետխորհրդային տարածքում ոչ ոքի չես զարմացնի։ ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, Կոմիում եղել է իսկական կառուցված ճանապարհ, որի 7 հազար երկաթբետոնե պանելները գեներալ-լեյտենանտի նախաձեռնությամբ ապամոնտաժվել և վաճառվել են։

Գեներալ-լեյտենանտի ապօրինի գործողությունը բացահայտվել են Կոմի հանրապետության քրեակատարողական հիմնարկների վարչության ղեկավարի տեղակալ Վալերի Իվանովի, թիվ 34 գաղութի պետ Ռոման Կորժովի և սրճարանների ու ռեստորանների բիզնեսով զբաղվող «Էստետ» բարեհունչ անվամբ ընկերության ներկայացուցիչ Ռամալ Ջաբարլիի նկատմամբ պետական միջոցների յուրացման փաստով հարուցված քրգործի քննության ընթացքում։

7 հազար երկաթբետոնե պանելներն ապամոնտաժվել, դուրս են բերվել ճանապարհի հատվածից և վաճառվել են 2014-15 թվականներին։

Ռուսաստանի Դաշնության պետական բյուջեին հասցված վնասը կազմում է 6 միլիոն ռուբլի, ինչը հավասար է մոտ 80 հազար դոլարի։

Գեներալ-լեյտենանտ Պրոտոպոպովին առաջադրվել է ծառայողական լիազորությունները չարաշահելու եղանակով պետական գույքը հափշտակելու մեղադրանք։ Մեղավոր ճանաչվելու դեպքում գեներալը կարող է դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման։

Ի դեպ, ըստ Կոմիի քրեակատարողական հիմնարկների վարչության պաշտոնական կայքէջի, «2010-15 թվականների ընթացքում Պրոտոպոպովը բազմից պարգևատրվել է իրեն վստահված ստորաբաժանման ծառայողների շրջանում հոգևոր միասնության մթնոլորտ ապահովելու համար»։

XS
SM
MD
LG