Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել թիվ 2/32-ի հանձնաժողովի անդամին՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը Երևանի ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ․
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը Երևանի ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ տվյալ ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու համար։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «2015 թվականի դեկտեմբերի 6-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի նույն բնակարանում հաշվառված անձինք զրկվել են հանրաքվեին մասնակցելու իրավունքից, քանի որ նրանց փոխարեն մեկ ուրիշն արդեն քվեարկած է եղել։ Ահազանգի հիման վրա՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն բնակարանում հաշվառված Մ. Փափազյանը, Հ. Դեմիրճյանը և Թ. Բարսեղյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, գնացել են թիվ 2/32 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց անվան դիմաց արդեն առկա են ստորագրություններ։ Նշված 3 ընտրողները հեռացել են ընտրատեղամասից՝ առանց մասնակցելու քվեարկությանը»։

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է դեկտեմբերի 12-ին՝ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: «Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ն. Հովհաննիսյանը նույն տեղամասի ընտրողներ, նույն բնակարանում հաշվառված Մ. Փափազյանի, Հ. Դեմիրճյանի և Թ. Բարսեղյանի անունների դիմաց գրառել է մտացածին անձնագրային տվյալներ, մատյանում ստորագրել վերջիններիս փոխարեն, ապա երեք քվեաթերթիկ գցել քվեատուփը` այդ կերպ քվեարկելով այլ անձանց փոխարեն», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ն. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG