Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ցույցերի մեղավորներին ընդդիմության մեջ են փնտրում


Ադրբեջան - Բողոքի ակցիաներ Աղջաբեդիի շրջանում, 12-ը հունվարի, 2016թ․
Ադրբեջան - Բողոքի ակցիաներ Աղջաբեդիի շրջանում, 12-ը հունվարի, 2016թ․

Կալանված ակտիվիստները հակադարձում են՝ բողոքի ակցիաները սոցիալական դժգոհության արտահայտություն են, որի պատասխանատուն իշխանություններն են:

Ադրբեջանի տարբեր շրջաններում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի տարերային ակցիաների մեղավորներին իշխանությունն ընդդիմության մեջ է փնտրում:

Ոստիկանության հատուկ ուժերը հունվարին Սիյազանի բողոքի ակցիան ցրելուց հետո 55 մարդու են ձերբակալել: Իրավապահները հայտարարարել են, որ Աղջաբեդիի շրջանում բողոքի ակցիաներն ընդդիմությունն է կազմակերպում: Երկրի գլխավոր դատախազությունն ու ներքին գործերի նախարարությունը չորեքշաբթի երեկոյան համատեղ հայտարարություն են տարածել, որում նշել են, թե չթույլատրված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել իշխանության ներկայացուցիչների պահանջներին, խախտել են հասարակական կարգը և դիմել են բռնությունների:

Գլխավոր դատախազությունը մի շարք հոդվածներով քրեական գործեր է հարուցել: Ձերբակալվածներից մի քանիսի դեմ քրեական մեղադրանքներ են առաջադրվել, ոմանք էլ մեղադրվում են վարչական իրավախախտումների հոդվածներով:

Լենքորանի շրջանում երեկ ձերբակալվել է «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Իման Ալիևը: Այսօր դատարանի որոշմամբ նա 30 օրով կալանավորվեց: 30 օրով կալանավորվել է նաև «Ազգային ճակատ»-ի տեղական կազմակերպության ղեկավար Հազիմ Հասանլին: Երկուսն էլ մեղադրվում են վարչական իրավախախտումների նույն հոդվածներով՝ չթույլատրված ցույցեր կազմակերպելու համար: Խոսքը, մասնավորապես, հունվարի 12-ին Լենքորանի Լիման քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին է, որոնց մասնակիցները բողոքում էին գների բարձրացման դեմ:

Կալանվածները չեն ընդունում մեղադրանքները: Նրանք հայտարարել են, որ բողոքի ակցիաները սոցիալական դժգոհության արտահայտություն են, որի պատասխանատուն ոչ թե իրենք են, այլ իշխանությունները: Երկու կուսակցություններն էլ՝ «Մուսավաթ»-ը և «Ազգային ճակատ»-ը, համարում են, որ իրենց ակտիվիստների նկատմամբ հալածանքները քաղաքական ենթատեքստ ունեն:

Ըստ իրավապահների՝ հայտի է դարձել, որ Սիյազանի, Լենքորանի, Ֆիզուլիի, Աղջաբեդիի և Աղսուի շրջաններում անօրինական գործողությունները կազմակերպվել են «Մուսավաթ»-ի, «Ազգային ճակատ»-ի ակտիվիստների, ինչպես նաև մի շարք արմատականների ու կրոնական ծայրահեղական խմբերի կողմից:

Դեկտեմբերի վերջին մանաթի արժեզրկման հետևանքով Ադրբեջանում սպառողական գները սկսեցին սրընթաց աճել, ինչը հանգեցրեց բնակչության շրջանում բողոքի տարերային գործողությունների: Ադրբեջանի կենտրոնական բանկի որոշմամբ, երկրում ժամանակավորապես փակվել են արտարժույթի փոխանակման կետերը. դրանք գործում են միայն օդանավակայանում և հյուրանոցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG