Մատչելիության հղումներ

Գառնիկ Մարգարյանը «որևէ բանում իրեն մեղավոր չի ճանաչում»


Գառնիկ Մարգարյան, արխիվ
Գառնիկ Մարգարյան, արխիվ

Կնոջ պնդմամբ՝ Մարգարյանը չէր կարող որևէ կապ ունենալ այդ հանցախմբի հետ։

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը իրեն մեղավոր չի ճանաչում, նրա հարազատները նույնպես բացառում են, թե 72-ամյա Մարգարյանը կարող էր որևէ կապ ունենալ անցած տարի Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խմբի հետ:

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր ձերբակալել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանին։

Ըստ ԱԱԾ-ի, նրանք երկուսն էլ կասկածվում են «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ»։

Մինչև ձերբակալությունը՝ այսօր վաղ առավոտյան, ԱԱԾ-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ այցելել են Եղվարդում գտնվող Գառնիկ Մարգարյանի տուն:

Գառնիկ Մարգարյանի կինը՝ Դոնարա Մարգարյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ, 14-ը հունվարի, 2016թ.
Գառնիկ Մարգարյանի կինը՝ Դոնարա Մարգարյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ, 14-ը հունվարի, 2016թ.

Մարգարյանի կնոջ փոխանցմամբ՝ իր ձեռքից վերցրել են հեռախոսը՝ թույլ չտալով զանգահարել և կանչել որդուն: Զենք-զինամթերք գտնելով նպատակով խուզարկել են ամբողջ տունը՝ չշրջանցելով անգամ ալյուրի պարկը.- «Մի 15-20 հոգի ներս եկան, ցույց տվեցին խուզարկության թուղթը՝ եկել ենք խուզարկելու զենք-զինամթերք։ Ասինք՝ խուզարկեք։ Ընդամենը էդքանը։ Ամբողջ տունը խուզարկեցին, ալյուր ունեմ, ալյուրի մեջն էլ մինչև անգամ՝ մի հատ դանակ տվեք, դանակով նայեցին։ Ասում եմ՝ ի՞նչ եք անում, ո՞վ պիտի ալյուրի մեջ զենք պահի»։

«Ընթերականեր իրենց հետ էին բերել՝ Նոր Հաճընում ապրող։ Ասի՝ բա էսքան մարդ եկել եք, գոնե տղայիս կանչեմ գա։ Ասին՝ չէ՛։ Ասի՝ բա որ մի բան գցեք հանկարծ։ Ասում ա՝ մենք գցողներից չենք, մենք միայն զենք-զինամթերք ենք փնտրում։ Երկուսիս հեռախոսներն էլ վերցրեցին։ Ոչ մի բան չհայտնաբերեցին։ Որսորդական հրացան ուներ՝ օրինական, ժամկետի մեջ»,- պատմեց Դոնարա Մարգարյանը։

Դոնարա Մարգարյանի փոխանցմամբ՝ օրինական գրանցված 2 որսորդական հրացաններից բացի, ԱԱԾ-ի աշխատակիցները առգրավել են նաև համակարգիչն ու մի քանի սկավառակ, ինչից հետո Մարգարյանին տարել են իրենց հետ՝ պատճառաբանելով, թե պետք է հարցաքննեն:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ կապ կարող էր տեսնել ԱԱԾ-ն Գառնիկ Մարգարյանի և նոյոմբերի 25-ին հայտնաբերված խմբի միջև, տիկին Մարգարյանը պատասխանեց.- «Ի՞նչ ասեմ... Իհարկե, բացառում եմ կապը, ինքը՝ իրա կուսակցությունը, իրա կուսակցության գործերը, նիստերը...»։

«Ինչ-որ շփում եղե՞լ է Գառնիկ Մարգարյանի և Արթուր Վարդանյանի միջև, ով ԱԱԾ-ի ներկայացմամբ այդ հանցախմբի ղեկավարն է». այս հարցին էլ Դոնարա Մարգարյանը պատասխանեց. - «Ես տեղյակ չեմ»։ «Ձեր տուն այցելե՞լ է Արթուր Վարդանյանը»։ «Չէ՛, չէ՛, բոլորովին։ Ես բացառում եմ կապը այդ խմբի հետ։ Իրա աշխատանքին, հայրենիքին, հայ ժողովրդին նվիրված... ու սե՞նց, էս էլ քանի անգամ, ինչի՞ համար»։

«Երբ ամուսնուս տարան, ասաց՝ հանգիստ եղիր, ոչ մի բան չկա»,- եզրափակեց Գառնիկ Մարգարյանի կինը։

Գառնիկ Մարգարյանի որդին՝ Գևորգ Մարգարյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հեռախոսով խոսել է ԱԱԾ-ում գտնվող հոր հետ: Վերջինս փոխանցել է, որ իրեն նորմալ են վերաբերվում, բայց և պնդել է՝ որևէ բանում իրեն մեղավոր չի ճանաչում:

Հիշեցնենք, «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավարին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից առաջ կրկին տանից ձերբակալել էին՝ զենք-զինամթերք պահելու կասկածանքով, սակայն նույն օրը ազատ էին արձակել։

Թե ինչ կապ ունի ոստիկանության համակարգում երկար տարիներ ղեկավար պաշտոններ զբաղեցրած, պահեստազորի գնդապետ Մարգարյանը Նորք-Մարաշում հայտնաբերված խմբի հետ, ԱԱԾ-ն առայժմ չի մանրամասնում: Մարգարյանի կինը, սակայն, «Ազատությանը» փոխանցեց, որ Գառնիկ Մարգարյանը ճանաչել է այսօր նույն գործով ձերբակալված «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանին: Վերջինս Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկայի հիմնական բաժնետերն է:

Այսօր մենք այցելեցինք ֆաբրիկա, այն փակ էր: Ֆաբրիկայում ներկա միակ աշխատակիցը «Ազատության» հետ զրույցում մանրամասներ փոխանցեց՝ տեղեկացնելով, որ վաղ առավոտյան մի քանի տասնյակ ԱԱԾ աշխատակիցներ շներով խուզարկել են տարածքը:

«Ոչ մի բան չհայտնաբերեցին, երևի զենք էին փնտրում։ Իրենք ինձ չեն ասել, բայց ինձ թվում է՝ եթե շներով էին եկել, պիտի զենք փնտրեին։ Երեք թե չորս շուն կար, իրենք էլ շատ էին՝ 20-30-ից շատ»,- փոխանցեց ֆաբրիկայի աշխատակիցը։

XS
SM
MD
LG