Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ-ը հստակեցնում է, թե երբ «իմաստ կունենա» նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը


Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր որոշ նկատառումներն է հայտել նոր Ընտրական օրենսգրքի ընդունման կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է՝

«Կեղծելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն, Հայաստանի իշխանությունները ներկայումս լծվել են նոր Ընտրական օրենսգրքի ստեղծմանը, որն իբր պետք է ապահովի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացումը «սահմանադրական նոր դրույթների» համաձայն:

Գործող իշխանության օրոք Հայաստանում անցկացված բոլոր համապետական ընտրություններն ու սահմանդրական հանրաքվեները կեղծվել են, ոտնահարելով ժողովրդի կամարտահայտությունը, ինչի հերթական վառ ապացույցն էր անցյալ տարվա դեկտեմբերյան հանրաքվեն, որում, հակառակ Հայաստանի քաղաքացիների` հստակորեն արտահայտված կամքի, իշխանությունը գլխիվայր շրջեց իրական արդյունքը:

Հիմնական չարիքը, հետևաբար, համակարգային ընտրակեղծարարությունն է, որի շնորհիվ, անկախ կառավարման գործող սահմանադրական մոդելից և ընտրական համակարգից, վարչակարգը ապօրինաբար հռչակում է իշխող կուսակցության «հաղթանակը» ցանկացած ընտրություններում և հանրաքվեներում, իմաստազրկելով այդ գործընթացները:

Նոր ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը, ըստ այդմ, որևէ իմաստ կունենա, եթե լուծվեն ընտրական գործընթացի օրինականության ապահովման հետ կապված գլխավոր հետևյալ խնդիրները:

1. Պետք է մաքրվեն ուռճացված ընտրացուցակները: Այդ նպատակով անհրաժեշտ է`

ա) միմյանցից տարանջատել բնակչության ռեգիստրն ու ընտրողների ռեգիստրն այն հաշվով, որ ընտրողների ռեգիստրում չընդգրկվեն հանրապետությունից երկարաժամկետ (վեց ամսից ավելի) բացակայող քաղաքացիները: Պահպանելով ընտրական իրավունքները, Հայաստանից վեց ամսից ավելի ժամկետով բացակայող քաղաքացիների քվեարկության իրավունքը պետք է իրացվի Հայաստան վերադառնալուն պես` առանձին ընթացակարգով,

բ) հաշվի առնելով միջազգային հանրության աջակցությունն ստացած` Վրաստանի 2011-2012 թվականների փորձը, ստեղծել իշխանությունների և ընդդիմության համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի ցուցակների ճշտման աշխատանքով:

2. Ընտրությանը մասնակցած քաղաքացիների կողմից ստորագրված ցուցակները պետք է հասանելի լինեն ստուգումների համար` կամ հրապարակման ձևով, կամ էլ ընտրությունների մասնակիցներին վերապահելով դրանք ընտրողաբար ստուգելու իրավունք:

3. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնները և տեղամասային կենտրոնին հարող տարածքը պետք է տեսանկարահանվեն ինտերնետային տեսախցիկներով, ինչը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա հատուկ ստեղծված կայքի միջոցով ուղիղ հեռարձակմամբ հետևել տեղամասերում ընթացող քվեարկությանն ու հաշվարկին:

4. Բազմակի քվեարկության բացառման նպատակով կամ պետք է կիրառվի մատների թանաքոտման և ստուգման հուսալի մեխանիզմ, կամ, ինչն ավելի գերադասելի է, անցում կատարվի մի շարք երկրներում հաջողությամբ կիրառվող` մատնահետքով էլեկտրոնային քվեարկության ժամանակակից համակարգին: Այս առումով նախընտրելի է էլեկտրոնային քվեարկության այն համակարգը, որը ԵԱՀԿ աջակցությամբ ներդրվել է Ղրղըզստանում և բարձր գնահատականի արժանացել ինչպես Ղրղըզստանի ընդդիմության և ամբողջ հասարակության, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից:

5. Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները պետք է ձևավորվեն պրոֆեսիոնալ մասնագիտացման սկզբունքով` պետության կողմից, և պետությունը պետք է ստանձնի ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը:

6. Սահմանել համայնքի ղեկավարի ուղղակի ընտրություն և վերականգնել համայնքի ղեկավարի անընդմեջ ընտրվելու իրավունքը մեկ կամ երկու ժամկետով սահմանափակող դրույթը:

7. Նոր Ընտրական օրենսգիրքը մշակելիս հիմք ընդունել ԵԱՀԿ` նախկինում արված առաջարկները:

Նշված խնդիրները չլուծելը կնշանակի, որ իշխանությունները հրաժարվում են արդար և ազատ ընտրությունների անցկացման որևէ հեռանկարից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG