Մատչելիության հղումներ

logo-print

Կառույցը «ոտնձգություններից» պաշտպանելու համար հեղինակի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը դիմելու է Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին:

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հեղինակ Արթուր Թարխանյանի դստեր՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանի խոսքով, համաձայնություն տալով քանդել այդ կառույցը՝ Երևանի քաղաքապետարանը մշակույթը ստորադասում է բիզնեսին:

Անցած տարեվերջին Երևանի քաղաքապետարանը օդանավակայանի կլոր մասնաշենքը մասնակի ապամոնտաժելու թույլտվություն էր տրամադրել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանը, մինչդեռ, ճարտարապետի պնդմամբ, շենքը լավ վիճակում է և ցանկության դեպքում կարող է շահագործվել:

«Իր ներքին պլանավորումը և ծավալատարածական լուծումներն այնպիսին են, որ հանգիստ կարող է սպասարկել բոլոր ներքին թռիչքները՝ կապված ԱՊՀ երկրների հետ»,- ասում է Թարխանյանը:

Այսօր այս խնդրով պարզաբանում է ներկայացրել նաև Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ անցած տարեվերջին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ին տրվել է նախագծման թույլտվություն, որով ընկերությունը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման և հին համալիրի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում: Ճարտարապետ Թարխանյանի համար դա անընդունելի է՝ ինչպե՞ս կարելի է սկզբում քանդել հինը, հետո մտածել նոր լուծումների մասին:

Տարիներ շարունակ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը գանգատվում էր, թե «Զվարթնոց»-ի հին համալիրը վերածվել է վտանգավոր կառույցի: Զգուշացնում էր՝ ռեսուրսներ չի տրամադրի դրա պահպանման համար, պատասխանատվություն չի կրի որևէ վթարի դեպքում, առաջարկում էր քանդել այն:

Նախկինում Երևանի քաղաքապետարանը դրան չէր համաձայնում: 2012-ին էլ Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսի շրջանակներում ընդունվել էր բանաձև, որով Հայաստանի կառավարությանը կոչ էր արվել պահպանել, առանց ձևափոխությունների վերականգնել և պատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային մոդեռնիզմի նմուշները, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային կլոր համալիրը։

Քաղաքաշինության փոխնախարար Ալեքսան Կարապետյանն այն ժամանակ Վիեննայի ճարտարապետական կենտրոնին հավաստիացրել էր՝ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը մնալու է պետության ուշադրության ու հոգածության ներքո:

Անահիտ Թարխանյանը վստահ է՝ իշխանությունների դիրքորոշման կտրուկ փոփոխությունը պայմանավորված է «կոռուպցիոն շահերով»: «Վերջերս Էռնեկյանի կողմից կառուցված նոր նախարարությունների շենքը, ինձ թվում է, Էռնեկյանի թիմին տվեց մեծ լծակ՝ ազդելու կառավարության վրա, որոշում ընդունողների վրա: Եվ այսօր մենք ունենք այս տխուր փաստը, որ ստորագրվել է քանդման աշխատանքների թույլտվությունը»,- ասում է Թարխանյանն ու հավելում՝ օդանավակայանի գործերը լավ չեն, այն բազմաթիվ պարտավորություններ է կուտակել, և դրանցից ազատվելու լավագույն ձևը հին շենքը քանդելն է:

Ավելի վաղ այս հարցով Հայաստանի իշխանություններին էր դիմել նաև Թանգարանային միջազգային խորհրդի Հայաստանի կոմիտեն՝ Հայաստանի վարչապետին և Էդուարդո Էռնեկյանին առաջարկելով շենքը վերածել ժամանակակից ավիացիայի թանգարանի: Կառույցի՝ Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանն ափսոսանքով նշում է՝ արձագանք չեղավ ոչ մասնավոր, ոչ էլ պետական հատվածից: Նրա խոսքով, մինչդեռ, կարելի էր այդ կառույցում լավ արդյունքների ակնկալիքով ներդրումներ անել:

«Զվարթնոց» օդանավակայանի համալիրը «ոտնձգություններից» պաշտպանելու նպատակով համալիրի հեղինակի դուստրը՝ Անահիտ Թարխանյանը դիմելու է Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կառույցներին։

XS
SM
MD
LG