Մատչելիության հղումներ

logo-print

Անթալիայում ՌԴ երեք քաղաքացի է ձերբակալվել՝ ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով


Թուրքիա -- Ոստիկանը ուղեկցում է ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներից մեկին, Անթալիա, 13-ը հունվարի, 2016թ.

Թուրքիա -- Ոստիկանը ուղեկցում է ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներից մեկին, Անթալիա, 13-ը հունվարի, 2016թ.

Թուրքական Անթալիայում այսօր ձերբակալել են Ռուսաստանի երեք քաղաքացիների, որոնց կասկածում են ահաբեկիչների հետ կապի մեջ։ Որոշ աղբյուրներ, այդ թվում նաև «Հյուրիեթ»-ը, հայտնում են, որ հնարավոր է այդ ռուսաստանցիներին ձերբակալել են ավելի վաղ՝ մինչև Ստամբուլի ահաբեկչությունը։

Ձերբակալման մանրամասները դեռ հայտնի չեն։ Նախնական տվյալներով՝ երեքն էլ հյուսիսկովկասյան հանրապետություններից են, 3 տարի է, ինչ ապրում են Անթալիայում, բնակարաններ ունեն այնտեղ, նրանց երեխաները հաճախում են Անթալիայի մահմեդական դպրոցներից մեկը։

Թուրքիայում երեք ռուսաստանցիների ձերբակալությունը արդեն հաստատել է նաև Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոն։ Դիվանագետի փոխանցմամբ՝ ձերբակալման պատճառները դեռ պարզվում են։

Թուրք իրավապահները ձերբակալված ռուսաստանցիների անունները չեն հայտնում։ Նախնական տվյալներով՝ նրանց կասկածում են ահաբեկիչներին օգնելու մեջ, խոսքը, մասնավորապես, լոգիստական օգնության մասին է։ «Անադոլու» գործակալությունը հայտնում է նաև, որ ռուսաստանցիների բնակարանում հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված էլեկտրոնային փաստաթղթեր և սկավառակներ։

Երեկ Ստամբուլի կենտրոնում՝ Երկնագույն մզկիթի մոտ, որտեղ սովորաբար շատ զբոսաշրջիկներ են հավաքվում, պայթյուն տեղի ունեցավ։ Պաշտոնական տվյալներով՝ տասը մարդ է զոհվել, 15-ը վիրավորվել են։ Մեծ մասը օտարերկրացիներ են։ Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնեց, որ ահաբեկչությունը իրականացրել է սիրիացի մահապարտը։ Հայտնի է, որ նա 27 տարեկան էր, նրա մարմնի հատվածները հայտնաբերել են պայթյունի վայրում։ Պաշտոնական Անկարան նաև հայտնում է, որ հիմնական վարկածի համաձայն՝ ահաբեկիչը ներկայացնում է «Իսլամական պետություն» կազմակերպությունը։

Միայն պաշտոնական տվյալներով՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների շարքերում պատերազմում են հետխորհրդային պետությունների շուրջ 7500 քաղաքացիներ, այդ թվում նաև 2500 ռուսաստանցիներ։ Մոսկվան պնդում է, որ Սիրիայում ռուսական ռազմական ուժերի առկայությունը նաև այն պատճառով է, որպեսզի թույլ չտան, որ այդ ահաբեկիչները վերադառնան Ռուսաստան և այնտեղ ահաբեկչություններ կազմակերպեն։

XS
SM
MD
LG