Մատչելիության հղումներ

Ի թիվս այլ քաղաքների, երեկվանից լարված իրավիճակ է ստեղծվել նաև հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերում:

Ադրբեջանցի ուժայիները փորձում են ճնշել երեկվանից երկրի մի շարք շրջաններում ծավալված բողոքի գործողությունները: Օրվա առաջին կեսին իրադրությունն առավել լարված էր երկրի հյուսիսում գտնվող Սիյազան քաղաքում:

Սոցիալական վատ պայմանների, մանաթի արժեզրկման և գնաճի դեմ բողոքող հարյուրավոր մարդիկ այսօր կրկին հավաքվեցին շրջանային վարչակազմի շենքի մոտ: Այստեղ, սակայն, նրանց դիմավորեցին հատուկ ջոկատայինները և ներքին զորքերի զինծառայողները: Ցուցարարներին ցրելու համար Սիյազանում ադրբեջանցի ուժայիններն արցունքաբեր գազ կիրառեցին, ինչից հետո միայն հնարավոր դարձավ իրավիճակը քաղաքում վերահսկողության տակ առնել:

Հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևեանությամբ գտնվող բնակավայրերում ևս իրադրությունը երեկվանից շարունակում է լարված մնալ: Meydan TV-ի տեղեկություններով, Ֆիզուլիի շրջանի` ադրբեջանական ուժերի հսկողության տակ գտնվող հատվածի ավելի քան հազար բնակիչներ նախ արգելափակել են Բաքու - Հորադիզ երկաթուղին, ապա մոտակա ջրանցքն են նետել բողոքի ակցիայի վայր ժամանած ոստիկանների ծառայողական մեքենաներից մեկը: Իրավապահների` ցույցը ցրելու փորձերն առավոտյան կողմ այդպես էլ հաջողությամբ չեն պսակվել:

Շփման գծից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աղջաբեդի քաղաքում տեղի բնակիչները դեռ երեկ էին արգելափակել դեպի դիրքեր տանող Աղջաբեդի-Աղդամ մայրուղին: Այստեղ ոստիկանությունը փորձել է ձերբակալել ցույցի մասնակիցներից մի քանիսին, սակայն, կենտրոնական հրապարակում հավաքված հարյուրավոր մարդիկ ոստիկաններին ստիպել են նահանջել:

Աղջաբեդիում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ծանր սոցիալական պայմաններից դժգոհ երեք երիտասարդներ բարձրացան քաղաքի կենտրոնում գտնվող հինգհարկանի շենքերից մեկի տանիքը` սպառնալով ի նշան բողոքի ցած նետվել: Միայն մյուս ցուցարարների համառ հորդորներից հետո է հնարավոր եղել երիտասարդներին հետ պահել այդ հուսահատ քայլից:

Օրվա երկրորդ կեսին իրադրությունը սրվեց երկրի ևս մեկ բնակավայրում` Բաքվից մոտ 150 կիլոմետր արևելք գտնվող Աղսու քաղաքում: «Ազատության» ադրբեջանական ծառայության տեղեկություններով, այնտեղ մոտ 300 ցուցարարներ հավաքվել են տեղի վարչակազմի շենքի առջև` թույլ չտալով շրջանի ղեկավար Էնվեր Սեիդալիևին լքել իր աշխատավայրը:

Նույն աղբյուրի տեղեկություններով, շրջանային վարչակազմի ղեկավարն ի վերջո հանդիպել է վրդովված բնակիչներին` պնդելով, որ երկրում առկա խնդիրների հետ ինքն անձամբ որևէ առնչություն չունի:

Ադրբեջանում բողոքի գործողությունները սկիզբ առան ազգային տարադրամի` մանաթի՝ դեկտեմբերի վերջին տեղի ունեցած կտրուկ արժեզրկումից և դրան հաջորդած՝ սպառողական ապրանքների գնաճից հետո: Երկրի տնտեսությունում խնդիրների առկայությունը չեն հերքում նաև ադրբեջանական իշխանությունները: Ֆինանսների նախարարն օրերս հայտարարեց, որ նավթի գնի կտրուկ անկման պայմաններում երկիրն առնվազն չորս տարի պետք է գտնվի խիստ տնտեսման ռեժիմում:

XS
SM
MD
LG