Մատչելիության հղումներ

Ուկրաինացի ազգայնականները խոստանում են «պայքարել ընդդեմ Պորոշենկոյի ռեժիմի»


Բողոքի ակցիա Կիևի մեկուսարաններից մեկի մոտ, 12-ը հունվարի, 2016թ.

Բողոքի ակցիա Կիևի մեկուսարաններից մեկի մոտ, 12-ը հունվարի, 2016թ.

Կիևի մեկուսարաններից մեկի մոտ երեկ երեկոյան հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ իշխանություններից պահանջելով ազատ արձակել 79 անձի, որոնք, ըստ «Ազատություն» կուսակցության և «Քաղաքական բանտարկյալների ազատման կոմիտեի», քաղբանտարկյալ են:

Բողոքի ակցիայի մասնակիցների հրապարակած անձանց ցանկում են ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև «Աջ սեկտորի» անդամներ:

«Յանուկովիչի և Պորոշենկոյի ռեժիմների տարբերությունը միայն այն է, որ Յանուկովիչի օրոք հետապնդումների էր ենթարկվում միայն, այսպես ասած, լիբերալ ընդդիմությունը, իսկ Պորոշենկոյի ռեժիմը սևեռվել է ազգայնականների վրա, և դա տեղի է ունենում այն պատճառով, որ մենք ընդդիմադիր ուժերից միակն ենք, որը պարզորոշ արտահայտում է թշնամություն այս ռեժիմին և հայտարարում է պատերազմ: Մենք չենք թաքցնում, որ ուզում ենք ոչնչացնել Պորոշենկոյի ռեժիմը, և մենք դա կանենք, հենց ստանանք նման հնարավորություն»,- «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է «Աջ սեկտորի» ներկայացուցիչ Ալեքսեյ Բիկը։

Հանրահավաքի մասնակիցները նաև տեղեկացրել են, որ պահանջում են բարեփոխումներ իրականացնել Ուկրաինայի քրեակատարողական հիմնարկներում: Բողոքի ակցիան ավարտվել է ռոք համերգով։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, ուկրաինական Գերագույն ռադայի պատգամավոր Դմիտրի Յարոշը նոյեմբերին հայտարարեց, որ հրաժարվում է ոչ միայն «Աջ սեկտորի» ղեկավարի կարգավիճակից, այլև ընդհանրապես լքում է այն՝ ծայրահեղ արմատականության պատճառով: Դմիտրի Յարոշը բացատրել էր, որ տարաձայնություններ ունի կազմակերպության անդամների «հեղափոխական ռազմավարության հետ»:

Դեռևս գարնանը սրվել էին հարաբերությունները ուկրաինացի ծայրահեղ ազգայնականների և երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի միջև: Յարոշը պահանջել էր Ավակովի հրաժարականը` նրան անվանելով իր մերձավորագույն զինակցի` Ալեքսանդր Մուզիչկոյի սպանության գլխավոր պատասխանատուն:

«Աջ սեկտորի» Արևմտյան Ուկրաինայի տարածաշրջանային համակարգող Մուզիչկոն սպանվել է ոստիկանական օպերատիվ գործողությունների հետևանքով: Ոստիկանությունը պնդում էր, որ Մուզիչկոն սպանվել է ձերբակալության ժամանակ դիմադրություն ցուցաբերելու պահին: Իսկ նրա զինակիցների համոզմամբ` Մուզիչկոյին պարզապես սառնասրտորեն սպանել են ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ կապված սուր կոնֆլիկտի պատճառով: «Աջ սեկտորի» ակտիվիստները հայտարարում էին, թե վրեժ են լուծելու Ավակովից՝ իրենց ընկերոջ սպանության համար:

Ավակովն, ի պատասխան, հայտարարել էր, թե ընդունում է «Աջ սեկտորի» մարտահրավերը: Նա կոչ էր արել երկրի ներսում ինչ-ինչ գործողությունների դիմելու փոխարեն պաշտպանել Ուկրաինայի սահմանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG