Մատչելիության հղումներ

Սաֆարյանը իր կալանքի որոշումը վերացնելու հարցով դիմել է գլխավոր դատախազին


«Նոր Հայաստան»-ի անդամը շարունակում է պնդել, որ որևէ մեկի չի հարվածել, Ազատության հրապարակում էլ հենց իրավապահներն են ծեծի ենթարկել ակտիվիստներին:

Ամանորի գիշերը Ազատության հրապարակում իր պնդմամբ` բռնության ենթարկված, այնուհետև ճաղերի ետևում հայտնված՝ «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանն իր նկատմամբ կալանքի որոշումը վերացնելու միջնորդությամբ այսօր դիմեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, խափանման միջոցը փոխելու համար բավարար հիմքեր կան։

«Հիմնավորումը, որը դրված է Գևորգ Սաֆարյանի մեղադրանքի հիմքում, չի համապատասխանում այն որակումներին, որ տալիս է Քրեական դատավարության օրենսգիրքը»,- ասաց փաստաբանը:

Ոստիկանների ցուցմունքների հիման վրա կալանավորված Սաֆարյանը շարունակում է պնդել, որ որևէ մեկի չի հարվածել, Ազատության հրապարակում էլ հենց իրավապահներն են ծեծի ենթարկել իրեն ու «Նոր Հայաստան»-ի մյուս անդամներին։ Հատուկ քննչական ծառայությունը երեկ ուշ երեկոյան ակտիվիստների այս հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել: Դրա շրջանակներում, սակայն, մեղադրյալների կամ կասկածյալների անուններ չեն նշվում:

«Ոստիկանության գործողությունները եղել են ապօրինի, ոստիկանությունը, հատկապես Գեղամ Խաչատրյանը, այդ ժամանակ չի կատարել օրենքով սահմանված իր պարտականությունները»,- շարունակեց փաստաբանը:

Սաֆարյանի պաշտպանի պնդմամբ, Ամանորի գիշերը ոստիկանները հատուկ ագրեսիվ տրամադրվածությամբ են եկել հրապարակ, «Հրեշտակների գումարտակի» հրամանատար Գեղամ Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ում անգամ ակնարկել է այդ մասին։

«Նա այսպիսի հրապարակում էր արել իր ֆեյսբուքյան էջում, որ Ամանորի գիշերը մենք մեր հայրենասիրական պարտքն ենք կատարում մեր հայրենիքի առաջ, մենք մեր հարազատների, մտերիմների հետ չենք անցկացնում Ամանորը, այլ գնում ենք մեր պարտքը կատարելու: Գնում ենք հրապարակի զվռնող կապիկներից հրապարակն ազատելու: Վերջում էլ գրել էր՝ պատիվ ունեմ»,- հիշեցնում է փաստաբանը:

Ոստիկանության մայորը իր ֆեյսբուքյան էջում նախկինում ևս ակտիվիստների ու հատկապես Սաֆարյանի հասցեին վիրավորանքներ հնչեցրել է: Իրավապաշտպանները, մինչդեռ, վստահ են՝ ոստիկանության դեմ հարուցված այս քրգործը նախորդների պես կկարճվի կամ դարակներում կմնա:

«Այսօր, չնչին բացառություններով, ոստիկանությունը վերից վար զբաղված է քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ սադրանքներ կազմակերպելով»,- ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Արթուր Սաքունցն էլ նշում է՝ «հարձակողական ոճի վաքագիծ եմ արձանագրում՝ ուղղված ազատ մտքի, ազատ գործողության, բողոքի տարբեր ցույցերի նկատմամբ»:

«Ձմեռ պապի կողմից եղևնի բերելը կամ քաղաքացու կողմից եղևնու հանդերձով Ազատության հրապարակ մտնելը․․․ չեմ կարծում՝ էնպիսի դատախազ կամ իրավաբան կգտնվի, որ կարող է հիմնավորել, որ սա ազգային անվտանգությանը վտանգ է սպառնում կամ քաղաքացիների իրավունքներին ակնհայտ վտանգ է սպառնացել»,- շարունակում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Միջադեպից երկու շաբաթ անց պատրաստ չեն նաև տուժած ակտիվիստների դատաբժշկական հետազոտության արդյունքները։ Փաստաբանի խոսքով, Սաֆարյանը մինչ օրս չի առերեսվել նաև տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանի հետ, թեև նրանք տրամագծորեն հակառակ ցուցմունքներ են տվել։

«Պետք է քննություն կատարվի ու հայտնաբերվի՝ ոստիկանապե՞տն է էսպիսի հրաման տվել, գլխավոր դատախա՞զը, նախագա՞հը, կառավարության նախագա՞հը, չգիտենք էլ ո՞վ»:

XS
SM
MD
LG