Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է՝ օմբուդսմենի հրաժարականը իշխանության հետ «համաձայնեցված չէ»


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովում, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովում, արխիվ

«Դա Կարեն Անդրեասյանի անձնական որոշումն է եղել»,- վստահեցնում է Վահրամ Բաղդասարյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն առավոտյան Ազգային ժողովին ներկայացրեց հրաժարականը։

Ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համոզված է՝ օմբուդսմենը փորձում էր լինել իրավասու պաշտոնյա.- «Բավականին դժվար է տեսնել անարդարությունը, ապօրինությունը և լռել։ Փորձել է, արձագանքել է, ես կարծում եմ՝ նրա բոլոր զեկույցները եղել են որակյալ։ Միանշանակ է, որ նրա նկատմամբ եղել են բռնաճնշումներ»։

Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանը դրական գնահատեց հատկապես դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական հանրաքվեի օրը, Կարեն Անդրեասյանի ու նրա թիմի աշխատանքը: Չբացառեց, որ «հրաժարականի պատճառը կարող էր լինել նաև վերջին շրջանում հանրապետականների հետ հարաբերությունների լարումը»։

2011-ին օմբուդսմենի պաշտոնում Անդրեասյանի թեկնածությունն առաջադրած ու պաշտպանած Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքեց մեղադրանքները։ Հայտարարեց՝ «իշխանության հետ Անդրեասյանը չի համաձայնեցրել իր հրաժարականը»։ Որոշումը ինչպես նրա, այնպես էլ հանրապետության երկրորդ պաշտոնյա Գալուստ Սահակյանի համար, ասաց, անակնկալ է եղել։

«Եթե ինքը ունի անձնական, ներքին ինչ-որ խնդիրներ, պրոբլեմներ, ես, համենայնդեպս, համոզված եմ, որ դա կապված չէ Ազգային ժողովի, Հանրապետական խմբակցության հետ։ Անհատների հետ ես չգիտեմ»,- ասաց Բաղդասարյանը։

Ըստ մամուլի՝ լարված են Կարեն Անդրեասյանի և Սերժ Սարգսյանի դստեր ամուսնու՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հարաբերությունները։ Անցած տարեվերջին Կարեն Անդրեասյանը որոշ հանրապետականների հետ սուր բանավեճեր ունեցավ։ 2014 թվականի զեկույցի քննարկման ընթացքում լեզվակռվի բռնվեց հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ։ Ի պատասխան պատգամավորի կոշտ քննադատությանը՝ պաշտպանն ասաց, թե «գիտի ով է ստիպել նման անբարո պատվեր իջեցնել»։ Անուններ չտվեց։

Բաղդասարյանն ասում է՝ Մինասյանի և Անդրեասյանի լարված հարաբերություններից անտեղյակ է.- «Ես չեմ հանդիպել Միքայել Մինասյանին, չեմ հանդիպել Կարեն Անդրեասյանին։ Բացարձակապես տեղյակ չեմ նախ նրանց կապերի մասին՝ ինչ կապեր են ունեցել և հետագայում ինչ է եղել։ Ես դեռ չեմ հիշում, որ այս երկրում որևէ բան եղած լինի, որը չկապեն կա՛մ Միքայել Մինասյանի, կա՛մ նախագահի հետ։ Դա անընդունելի է»։

Բաղդասարյանը կարծում է՝ ճիշտ կլինի, որ Կարեն Անդրեասյանը հիմնավորի՝ ինչու հրաժարական տվեց։ Օմբուդսմենն առայժմ հրաժարվում է մեկնաբանություններից։

«Դա շարքային գործադիր մարմնի, փոխնախարարի կամ ինչ-որ մի պաշտոն չէ, որ սուսուփուս ասի՝ իմ ներքին խնդիրներն են, ես դուրս եմ գալիս»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Զարուհի Փոստանջյանը Կարեն Անդրեասյանին խորհուրդ տվեց չկրկնել հրաժարականը։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է այն:

Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունը այդ դեպքում խորհրդարանը կկազմակերպի փոփոխված Սահմանադրությամբ՝ արդեն ԱԺ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի առաջարկությամբ։ Ընթացակարգը, սակայն, ըստ դաշնակցական Արծվիկ Մինասյանի, դեռ հստակեցված չէ.- «Պետք է ad hoc կամ իրավիճակային որոշում կայացնի հանձնաժողովը, և ես վստահ եմ, որ այս կիրառությունից շատ բան է կախված՝ որքանով կկազմակերպվեն ընտրությունները ավելի թափանցիկ, պրոֆեսիոնալ, որովհետև մարդու իրավունքների պաշտպանի համար լրացուցիչ պահանջներ են սահմանվել Սահմանադրությամբ, ինչպես նաև նոր իրավունքներ և ավելի լայն հնարավորություններ են նախատեսված»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG