Մատչելիության հղումներ

«Ծանր դեպքերը, մահերը դրանք տասը և ավելի օր առաջ ընդունված հիվանդներն են, և բոլորը ընդունվել են ծանր վիճակում՝ ուշացած, բարդացած վիճակում», - ասում է առողջապահության նախարարի խոսնակը։

Այսօր արձանագրվել է H1N1-ից՝ խոզի գրիպից մահացության արդեն 10-րդ դեպքը։

«Էրեբունի» բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ Վոլոդյա Քամալյանը իրենց մոտ ընդունվել էր հունվարի 4-ին՝ ծանր վիճակում։ 60-ամյա տղամարդու մոտ միանգամից մի քանի հիվանդություն էր ախտորոշվել՝ երկկողմանի թոքաբորբ, շաքարային դիաբետ և խոզի գրիպ։

Մյուս հիվանդը՝ 41-ամյա Ռաֆիկ Վարդանյանը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ բուժում էր ստանում արդեն մեկ շաբաթ:

«Երկրորդ օրը, երրորդ օրը եկավ պատասխան, որ H1N1 վիրուսն է։ Վիրուսը բերում է օրգանիզմի դիմադրողականության խիստ թուլացման, որի ֆոնի վրա երկրորդային միկրոֆլորան ավելանում է, զարգանում է թոքաբորբ»,- պարզաբանեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին սուր շնչառական խնդիրներ ունեցող 14 հիվանդ կա, երկուսի վիճակը ծանր է։ Ընդհանուր առմամբ՝ հայաստանյան հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում 81 հիվանդ կա, 14-ը միացված են արհեստական շնչառության սարքերին: Սակայն թե՛ բժիշկները, թե՛ Առողջապահության նախարարությունը պնդում են՝ հիվանդների թիվն աստիճանաբար նվազում է։

«Առաջին օրերին շատ էին դիմում, վախեցած էր մի քիչ ժողովուրդը. մի փոքր հազ, մի փոքր ջերմություն` արագ դիմում էին մեզ։ Հիմա այդպիսի դեպքեր, որպես կանոն, չեն լինում, ավելի շատ թոքաբորբով հիվանդներն են դիմում, այսինքն` բարդացումներով հիվանդները»,- ասաց Կարապետյանը։

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանն ասում է՝ մարդիկ ականջալուր եղան մասնագետների հորդորներին.- «Կարևորը, որ մենք ինչ-որ տեղ մեր նպատակին հասանք, մեր հորդորներին ականջալուր եղավ բնակչությունը, դիմելիությունը զգալիորեն մեծացել է, որի արդյունքում մենք ունենում ենք ծանր դեպքերի նվազումներ։ Այդ բոլոր ծանր դեպքերը՝ մահերը, 10-ից ավելի օր առաջ ընդունված հիվանդներ են, և բոլորը ընդունվել են ծանր վիճակում, ուշացած բարդացած վիճակում»։

Հիվանդներից շատերը, սակայն, վստահ են, որ ոչ թե վարակն է նահանջում, այլ շատերը պարզապես խուսափում են հիվանդանոց տեղափոխվել՝ նոր վարակներից զերծ մնալու համար։ «Ազատության» հետ զրույցում 7 ամսական փոքրիկի հայրը չներկայանալու պայմանով պատմեց՝ երեխային հիվանդանոց տարել են այլ խնդրով, դուրս եկել գրիպով վարակված։

«Երեխու մոտ խնդիր է եղել ստամոքսի հետ կապված, փսխումներ է ունեցել, մենք պառկել ենք, որ բուժում ստանանք, բայց տեղում հենց վիրուսն ենք բռնել, դուրս ենք գրվել հիվանդանոցից գրիպոզ վիճակով, նորից հաջորդ օրը հետ ենք գնացել, պառկել ենք, որ գրիպոզ վիճակը բուժվի։ Դուրս ենք եկել, քանի որ ստամոքսի խնդիրը լիարժեք չէր լավացել, խորհուրդ տվեցին Ծերեթելի էս անգամ, մի շաբաթ բուժում ընդունելուց հետո, հենց տեղում միանգամից մի օրվա մեջ, առանց գրիպի հետքերի երեխեն թոքաբորբ ունեցավ»։

Բժիշկների խոսքով՝ ծանր վիճակում գտնվող հիվանդներն իրենց մոտ հիմնականում գալիս են մարզերից։ Վանաձորի հիվանդանոցներում այսօր սուր շնչառական վարակ ունեցող շուրջ 40 հիվանդ կա։ Շիրակում այս թիվն ավելի մեծ է՝ 78 հիվանդ։ Երկուսի մոտ խոզի գրիպի առկայությունն արդեն հաստատվել է։ 23 փորձանմուշ էլ ուղարկվել է մայրաքաղաք՝ լաբորատոր հետազոտման։

«Ամբողջ հանրապետությունում էլ կա H1N1: Ուղղակի մեկի մոտ ծանր է ընթանում, մեկի մոտ թեթև է։ Չեմ ասում, թե մասսայական բոլորը էդ հիվանդներն են, բայց վիրուսային ինֆեկցիա է, գրիպ է, գրիպի տարատեսակ է, որի համար համապատասխան բուժում են ստանում»,- «Ազատությանն» ասաց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG