Մատչելիության հղումներ

ԱՆ. Այսօր արձանագրվել է գրիպից մահվան երկու դեպք


Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր արձանագրվել է գրիպից մահվան երկու դեպք։

«60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել», - ասված է հաղորդագրությունում։

«Էրեբունի» բժշկական կենտրոնից «Ազատության»-ը փոխանցեցին, որ 60-ամյա Վոլոդյա Քամալյանը տառապել է երկկողմանի թոքաբորբով ու շաքարային դիաբետով։

Նշենք, որ գրիպից մահացության դեպքերի թիվն արդեն հասավ 10-ի։

Նախարարությունն իր հաղորդագրությունում ընդգծում է, որ սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց և զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։

«Քանի որ սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացումը համընկավ եղանակային պայմանների կտրուկ վատացմանը, ինչպես նաև տոնական օրերի ակտիվ շփումներին, առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատեցին արտակարգ ռեժիմով», - նշում է գերատեսչությունը, հավելելով, որ աշխատանքներն առայսօր տարվում են երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական։ - «Նախարարությանը հաջողվեց բարձրացնել մարդկանց զգոնությունը, ինչի վկայությունն է դիմելիության մեծացումը։ Դրանով է պայմանավորված հանրապետությունում նկատվող իրավիճակի կայունացման և դեպքերի նվազման միտումը»։

Առողջապահության նախարարությունը շեշտում է, որ չի լռում նաև ծանր դեպքերի առկայության մասին: «Երեկ տեղեկացվել է, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Բոլոր այս հիվանդները կամ ժամանակին չեն դիմել բժշկին, կամ ունեն քրոնիկ որևէ հիվանդություն։ Նրանց բուժման ընթացքը մեր գլխավոր և առաջատար մասնագետների, անձամբ նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Ամենօրյա այցերի, բուժման տակտիկայի վերլուծությունների շնորհիվ շատ դեպքերում կյանքեր են փրկվում։ Սակայն միշտ չէ, որ գիշեր ու զօր արված քրտնաջան աշխատանքը տալիս է ցանկալի արդյունքը։ Եվ, առհասարակ, միշտ էլ լինում են ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց ոչ բոլորին է հաջողվում փրկել», - ասված է հաղորդագրությունում: - «Նման իրավիճակներում անչափ կարևորվում է ողջ հանրության համախմբվածությունն ու զսպվածությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG