Մատչելիության հղումներ

«Մուսալեռ»-ում սպանության գործով հետախուզվողներից մեկը ներկայացել է


Հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Ա. Պառավյանը ինքնակամ ներկայացել է, և նրան մեղադրանք է առաջադրվել:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Պառավյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որպես զենք օգտագորվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշում քննիչը կայացրել էր հունվարի 9-ին և նույն օրը միջնորդություն ներկայացրել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, հայտարարվել էր հետախուզում։

Հետախուզման մեջ գտնվող Պառավյանն իրավապահ մարմիններին է ներկայացել հունվարի 11-ին և կալանավորվել։ Մեղադրյալը հարցաքննվել է, և նրա մասնակցությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Պառավյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդությունը քննարկման առարկա կդառնա Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետում։

«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ, հիշեցնենք, սպանվել է 22-ամյա Ա. Կարապետյանը, հրազենային վնասվածք է ստացել Տարոնիկի գյուղապետ Ա. Խլղաթյանը։

Հարուցված քրեական գործի շրջանակներում ներկայումս հետախուզման մեջ է երկու անձ՝ Ա. Բաբայանը, ով որպես մեղադրյալ է ներգրավվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից) , 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն՝ խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը), Խ. Խաչիկյանը՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից)։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ հետախուզվողներին հայտնաբերելու, միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG