Մատչելիության հղումներ

logo-print

Սեֆիլյանի պնդմամբ՝ քննիչն իրեն սպառնացել է


Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում՝ հանրահավաքներից մեկի ժամանակ, արխիվ

Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում՝ հանրահավաքներից մեկի ժամանակ, արխիվ

«Նոր Հայաստան»-ի առաջնորդը հայտարարում է, որ պայքարից չեն հրաժարվելու։

«Նոր Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը երեկ Քննչական կոմիտեում երեք ժամ անցկացնելուց հետո հայտարարեց, որ քննիչն իրեն սպառնացել է՝ եթե քաղաքական գործունեությունը չդադարեցնի, նորից կհայտնվի ճաղերի հետևում։

«Նա ասում էր՝ «վերջին անգամ ձեզ զգուշացնում ենք, որ եթե շարունակեք ձեր գործունեությունը, դուք հայտնվելու եք նորից ճաղերի հետևում»։ Եթե նախորդ անգամ ակնարկներով էր այդ միտքը փոխանցվում, ապա այս անգամ ուղղակի այդ բառերով փոխանցվում է։ Նա հստակ մի քանի անգամ շեշտեց, որ այլևս մենք զրույց չենք ունենալու՝ սա վերջին զգուշացումն է, վերջին սպառնալիքն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սեֆիլյանը։

Նա Քննչական կոմիտե էր կանչվել նախորդ տարի՝ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու գործով, որով նա և «Հիմնադիր խորհրդարան»-ի մի քանի այլ անդամներ մեղադրվում են։

Ըստ «Նոր Հայաստան»-ի առաջնորդի, քննիչ Ամրամ Մակինյանն իրեն ասել է, թե ձերբակալման պատճառը կարող է լինել այն, որ ինքը, լինելով մեղադրյալ, չի զգուշացնում քաղաքից բացակայելիս։ Սակայն, ըստ Սեֆիլյանի, սպառնալիքի իրական պատճառը իրենց վերջին կոչն է քաղաքացիներին՝ «անհրաժեշտության դեպքում զենքով ինքնապաշտպանվել»։

«Կարծես այդ հայտարարությունը այս համակարգին շատ է ցավացրել, և խիստ վրդովված էին նրանք այդ հայտարարությունից, և հստակ մատնացույց անելով այդ հայտարարությունը՝ նա ուզում էր հասկացնել, որ «այսպես շարունակելու դեպքում անպայման հայտնվելու եք նորից կալանքի մեջ»։ Այդ հարցերը, որոնք ուղղել են, ամբողջությամբ ձևական էր։ Եթե նախորդ անգամ տասից ավելի հարցեր էին, ապա այս անգամ ընդամենը երեք հարց էր։ Ես ոչ մի հարցի չեմ պատասխանել՝ օգտվելով իմ իրավունքից։ Սպառնալիք որ նրա կողմից հնչեցվել է՝ դա տեղի է ունեցել մինչ քննության պրոցեսի սկսումը և մինչ փաստաբանի իմ մոտ հասնելը՝ փաստաբանը մի քանի րոպե ուշացավ», - ասաց Սեֆիլյանը։

«Նոր Հայաստան»-ի առաջնորդն ընդգծեց, որ իրենց գործունեությունը շարունակելու են։ «Մենք մեր գործունեությունը պետք է շարունակենք, և, բնականաբար, իրենք իրենց գործունեությունը պետք է շարունակեն, և ժամանակը ցույց կտա՝ ով որտեղ է հասնելու։ Ես համոզված եմ, որ ուշ թե շուտ այս համակարգը փլվելու է, մենք լինենք ազատության մեջ թե բանտում՝ ոչ մի նշանակություն չունի։ Մենք մեր պայքարից հրաժարվողը չենք», - ասաց Սեֆիլյանը։

XS
SM
MD
LG