Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ Ադրբեջանում


Ադրբեջան - Բողոքի ակցիան Սիյազանում, 13-ը հունվարի, 2016թ․

Ադրբեջան - Բողոքի ակցիան Սիյազանում, 13-ը հունվարի, 2016թ․

Երեքշաբթի օրը Ադրբեջանի միանգամից երեք քաղաքներում բողոքի տարերային ակցիաներ էին: Երկրի հարավում` Լենքորանում, ռուս-ադրբեջանական սահմանից ոչ հեռու` Սիյազան քաղաքում, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծից ընդամենը 40 կիլոմետրի վրա գտնվող Աղջաբեդիում ցուցարարները միևնույն պահանջն էին առաջ քաշում` զսպել մանաթի արժեզրկմանը հաջորդած գների կտրուկ աճը:

«Աշխատանք չկա, բնակչության 90 տոկոսն այստեղ գործազուրկ է, ես ինչպե՞ս պետք է նայեմ կնոջս կամ երեխաներիս աչքերին», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին ասում էր Լենքորանի շրջանի Լիման ավանի մի բնակիչ:

Լենքորանում ցուցարարները ժամեր շարունակ փակ էին պահում դեպի Իրան տանող միջպետական ճանապարհը: Ոստիկանությունը, սակայն, որևէ կտրուկ գործողության երեկ չդիմեց: Շրջանի փոխոստիկանապետը երկարատև բանակցություններից հետո ի վերջո կարողացավ ցույցի մասնակիցներին համոզել` հեռանալ ճանապարհի բանուկ հատվածից:

Սիյազան քաղաքում ևս տեղական իշխանությունները գերադասեցին երկխոսության մեջ մտնել բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Սիյազանի կենտրոնական հրապարակում հավաքված հարյուրավոր մարդկանց հետ բանակցելու փորձ ձեռնարկեց տեղական վարչակազմի ղեկավար Ասիֆ Հուսեյնովը: Ադրբեջանական Meydan TV կայքի տեղեկություններով, սակայն, ցուցարարները շրջանային վարչակազմի ղեկավարին լսել անգամ չեն ցանկացել` պահանջելով, որպեսզի հրապարակ գան ադրբեջանական խորհրդարանում Սիյազանը ներկայացնող պատգամավորները:

Իրադարձությունները առավել դրամատիկ կերպով են զարգացել Աղջաբեդի քաղաքում, որտեղ երեք երիտասարդներ բարձրացել են քաղաքի կենտրոնում գտնվող հինգհարկանի շենքերից մեկի տանիքին`սպառնալով ի նշան բողոքի ցած նետվել: Միայն մյուս ցուցարարների համառ հորդորներից հետո է հնարավոր եղել երիտասարդներին հետ պահել հուսահատ այդ քայլից:

Bizimyol-ի տեղեկություններով, Աղջաբեդիում բողոքի գործողությանը շուրջ 2 հազար մարդ է մասնակցել` հիմնականում փախստականներ Լեռնային Ղարաբաղին հարող և 1993-ից հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններից: Այստեղ ևս դժգոհում էին գների աճից, կոռուպցիայից և իշխանությունների անտարբերությունից:

Երեկոյան կողմ արդեն պարզ դարձավ, որ բողոքի գործողությունների նման ծավալն անհանգստացնում է ադրբեջանական իշխանություններին: Նման մտահոգության ամենավառ ապացույցը դարձավ կառավարության որոշումը, որով չեղյալ հայտարարվեց ամենալուրջ դժգոհությունների առիթ տված նորամուծություններից մեկը: Խոսքը հունվարի 1-ից ուժի մեջ մտած այն որոշման մասին է, որի համաձայն՝ ալկոհոլային խմիչքների մանրածախ և ծխախոտի մեծածախ առևտուրը երկրի տարածքում իրականացվում էր բացառապես պլաստիկ քարտերով: Դա լուրջ դժգոհություն էր առաջացրել հատկապես մանրածախ առևտրով զբաղվող հազարավոր գործարարների շրջանում:

«Ադրբեջանում այսօր բազմաթիվ բողոքներ ու դժգոհություններ են հնչում՝ կապված այս որոշման հետ: Այդ բողոքներն ուղարկվել են կառավարություն և նախագահի աշխատակազմ: Պարոն նախագահը, ընդառաջելով գործարարների դժգոհություններին, հրահանգել է հետաձգել այս որոշման հետագա կատարումը», - Ադրբեջանի պետական հեռուստատեսության լուրերի թողարկման ընթացքում երեկ երեկոյան հայտարարեց պետեկամուտների փոխնախարար Սահիբ Ալեքփերովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG