Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ական պատգամավորը «քիչ հավանական» է համարում երկրորդ փուլի անցկացումը


Ընտրացուցակներ Գյումրիում, արխիվ

Ընտրացուցակներ Գյումրիում, արխիվ

Ըստ Միքայել Մելքումյանի՝ դա շատ ռիսկային է Հայաստանի պայմաններում։

Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ հիմնական աշխատանքներն, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն հաջորդ շաբաթ, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Բայց խորհրդարանական ուժերը արդեն իսկ սկսել են քննարկումները։ Հանրապետականներն, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են Վարդան Պողոսյանի և Հրայր Թովմասյանի հետ։ Նրանք սահմանադրական փոփոխությունների հեղինակներից են, ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանի խոսքով՝ նաև նոր Ընտրական օրենսգրքի մշակողները։

Ըստ Մելքումյանի՝ ընտրատարածքները կկրճատվեն, ներկայիս 41-ի փոխարեն 14-15-ը կմնան։ Քննարկում են նաև մեծամասնականը վարկանիշային քվեարկությամբ փոխարինելու հնարավորությունը։ Կլինի քաղաքական և վարկանիշային ցուցակ։

«Ձայն տալ կուսակցությանը նշանակում է ձայն տալ տվյալ անձնավորությանը։ Դա նույնացվում է կուսակցությանը ձայն տալու հետ։ Էս առումով կուսակցության ցուցակներում կլինի հետ ու առաջ գնալ։ Ասենք, կախված նրանից, թե մյուս մարզերի կամ տվյալ մարզի քո կուսակիցների հետ համեմատած կարող ես առաջ գնալ կամ հետ գնալ, այսինքն քո ստացած ձայներով կորոշվի»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Փոփոխված Սահմանադրությամբ ամրագրված է խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, մանրամասները թողնված են Ընտրական օրենսգրքի կարգավորմանը։

«Ես երկրորդ փուլի խնդիրը չեմ բացառում, բայց նաև դրա հավանականությունը շատ քիչ է, որովհետև շատ ռիսկեր կան տարբեր կողմերի համար։ Ասենք, մարդը ստացել է 40 տոկոս, մյուսը ստացել է 25 տոկոս, հիմա էդ 40 տոկոս ստացողը հրաժարվի՞ իր 40 տոկոսից, ասի՝ ես գնում եմ երկրորդ փուլ, որ ստանամ 50 տոկոս... շատ ռիսկային է։ Հայաստանի պրակտիկայում նման բան չկա, մանավանդ էս պայմաններում»,- նկատեց Մելքումյանը։

«Ավելի լավ է 40 տոկոս ստացողը գտնի դաշնակիցներ կոալիցիա կազմելու և շարժվի առաջ։ Բոնուսը 50 տոկոսի դեպքում է։ Այսինքն եթե մեկը ստացավ 40 տոկոս, մյուսն էլ 10 տոկոս, 40-ն ու 10-ը իրար հետ միավորվում են, գումարվում է 3-4 տոկոս ու վերջ։ Բայց որպեսզի ծայրահեղ չլինի, դա չի խանգարում, որ ևս մի 7 տոկոսի հետ էլ միավորվեն, լինի 57-58, արդեն մեխանիկորեն խնդիրը լուծվում է»,- հավելեց պատգամավորը։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությամբ կարող է անվերահսկելի մեծամասնություն ձևավորվել: Ականն, ընդդիմադիր գործչի կարծիքով, արդեն ամրագրված է Սահմանադրությամբ։

«Հնարավոր է Հանրապետական կուսակցությունը շատ հանգիստ 50+1 տեղ ունենա՝ ըստ անհրաժեշտության։ Եթե անհրաժեշտություն առաջանա՝ ուղղակի 40 քանի տոկոս, և կոալիցիա կազմեն, այդ ձևով կանեն։ Սահմանը, որ գոյություն ուներ, ասենք, մի շարք պաշտոնների հետ կախված որոշումները 3/5-րդով պետք է ընդունել, իրենք դա շատ հանգիստ կապահովեն։ Եվ ընդդիմությունը այդտեղ որևէ ձևով չի կարող խանգարել»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը։

Մարտիրոսյանի խոսքով՝ ընդդիմադիր կուսակցությունը չի մասնակցի Ընտրական օրենսգրքի քննարկումներին գործընթացին լեգիտիմություն չհաղորդելու համար։

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց՝ թեմային դեռ չեն անդրադարձել. որևէ ատյանում քննարկումներ չկան, շրջանառության մեջ դրված նախագիծ չկա, ասաց։ Փոփոխված Սահմանադրությամբ Ընտրական օրենսգիրքը պետք է ուժի մեջ է մտնի այս տարվա հունիսի 1-ից:

XS
SM
MD
LG