Մատչելիության հղումներ

Այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

«Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»,- ասված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեղադրված հայտարարությունում։

Մոտ հինգ տարի պաշտոնավարած Կարեն Անդրեասյանի գլխին «սև ամպեր» սկսեցին կուտակվել մի քանի ամիս, երբ նրա տարեկան զեկույցը բուռն բանավեճ հարուցեց խորհրդարանում: Իշխող ուժի՝ ՀՀԿ-ի պատգամավորները օմբուդսմենին մեղադրեցին ոչ-պրոֆեսիոնալիզմի մեջ, իսկ նրանցից Սամվել Ֆարմանյանը ներկայացված փաստաթուղթը «փնթի ու անատամ» որակեց:

Կարեն Անդրեասյանը հակադարձել էր, թե իր դեմ պատվեր է իրականացվում՝ առանց հստակ անուններ նշելու:

Այսօր ավելի ուշ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդեց, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմում խորհրդարանը չի ստացել:

Ըստ օրենքի, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:

Նորացված Սահմանադրությամբ, ի դեպ, օմբուդսմենին նշանակում է Ազգային ժողովը՝ ձայների երեք հինգերորդով, պաշտոնը թափուր մնալուց հետո մեկ ամսվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG