Մատչելիության հղումներ

Ստամբուլի կենտրոնական հրապարակում պայթյունից զոհվել է առնվազն 10 մարդ


Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, վնասվածքներ են ստացել 15-ը:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական և շտապ օգնության ջոկատներ, փակվել են հրապարակ տանող ճանապարհները, ողջ օրվա ընթացքում անվտանգության ապահովման միջոցառումներ են անցկացվել։

Ականատեսներից մեկի խոսքերով՝ պայթյունը մահապարտի կողմից է իրականացվել. - «Հրապարակում քաոս էր, բոլորը փախչում էին, ոստիկանության համար էլ անսպասելի էր։ Նրանք մարդկանց անմիջապես հեռացրեցին տարածքից, քանի որ երկրորդ պայթյունի վտանգ կար»։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և հայտարարել, որ ահաբեկիչը սիրիացի տղամարդ է եղել։ Նա ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում միասնական լինելու անհրաժեշտությունը։

Ստամբուլի ահաբեկչությունը դատապարտել է նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը։ Վերջինս միասնական լինելու կոչ է արել և հույս հայտնել, որ մեղավորները կարճ ժամանակում կբացահայտվեն։

Ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններով հանդես են եկել նաև ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Սելահաթթին Դեմիրթաշը։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն արյունալի միջադեպից հետո հանդիպել է ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հետ, տեղի ունեցածի վերաբերյալ վարչապետական նստավայրում Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել։

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունին արձագանքել է նաև միջազգային հանրությունը։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը հայտարարել է, որ հետևում է դեպքերի զարգացմանը, և իր զորակցությունն է հայտնել տուժածներին։

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ևս հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Եվրամիությունը Թուրքիայի կողքին է։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Դավութօղլուի հետ։ «Մենք պետք է փաստենք, որ այսօր Ստամբուլը հարված ստացավ, այնպես ինչպես Փարիզը, Թունիսը և Անկարան։ Միջազգային ահաբեկչությունը այսօր կրկին ցույց տվեց իր տգեղ դեմքը։ Մենք պետք է վճռական պայքարենք ահաբեկչության դեմ», - նշել է Մերկելը։

Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեթ հրապարակը, որտեղ գտնվում են Սուրբ Սոֆիայի տաճարը, նշանավոր Կապույտ մզկիթն ու մի շարք պատմական հուշարձաններ, քաղաքի ամենամարդաշատ և զբոսաշրջիկներով լի հատվածներից է։

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Ստամբուլի պայթյունի հետևանքով զոհվածների մեծ մասը օտարերկրացիներ են, տուժածների շարքում զբոսաշրջիկներ կան Գերմանիայից, Նորվեգիայից և Պերուից։

Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ նախնական տեղեկություններով Ստամբուլի պայթյունից զոհվածների թվում հայեր չկան։

Վերջին ամիսներին սա արդեն երկրորդ խոշոր պայթյունն է Թուրքիայում։ Անցած հոկտեմբերին մայրաքաղաք Անկարայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունը 107 մարդու կյանք էր խլել։ Ինչպես Անկարայի պայթյունը, այնպես էլ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը հիմնականում կապում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG