Մատչելիության հղումներ

Կփոխարինի՞ Վրաստանը ադրբեջանական գազը ռուսականով


Վրաստանի կառավարության և «Գազպրոմ»-ի միջև բանակցությունների դեմ բողոքի ցույց Թբիլիսիում, հոկտեմբեր, 2015թ․
Վրաստանի կառավարության և «Գազպրոմ»-ի միջև բանակցությունների դեմ բողոքի ցույց Թբիլիսիում, հոկտեմբեր, 2015թ․

Վրացական ընդդիմությունը կառավարությունից պահանջում է հրապարակել ցյուրիխյան գաղտնի բանակցությունների մանրամասները:

Արդյո՞ք Վրաստանի կառավարությունն ու ռուսական «Գազպրոմ» ընկերությունը արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել վրացական շուկայում ադրբեջանական գազի տեսակարար կշռի նվազեցման և այդ ծավալը ռուսական վառելիքով փոխարինելու շուրջ: Այս հարցը հրատապ դարձավ, երբ վրացական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որոնց համաձայն, անցած տարեվերջին` դեկտեմբերի 27-ին, երկրի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն շվեյցարական Ցյուրիխում գաղտնի հանդիպում է անցկացրել «Գազպրոմ»-ի` արտահանումների գծով գլխավոր պատասխանատուի` «Գազպրոմ-Էքսպորտ» ընկերության տնօրեն Ելենա Բուրմիստրովայի հետ, այլ հարցերի թվում քննարկելով նաև վրացական շուկա մատակարարվող ադրբեջանական գազի ծավալը կիսով չափ կրճատելու հարցը:

Երկուշաբթի օրը Վրաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցության` Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչները կառավարությունից պահանջեցին հրապարակել բանակցությունների մանրամասները, ինչպես նաև տեղեկացնել հանրությանը դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

«Կառավարության այս որոշումը ուղղված է Վրաստանի ռազմավարական դաշնակցի` Ադրբեջանի դեմ: Այս քայլը ոտնահարում է երկրի ազգային անկախության գաղափարը, լուրջ սպառնալիքներ է ստեղծում Վրաստանի էներգետիկ անկախության համար: Ազգային միացյալ շարժումը համոզված է, որ վրաց ժողովրդի թիկունքում ընթացող այս բանակցությունները հակասում են Վրաստանի անկախությանը: Մենք պահանջում ենք հրապարակել բանակցությունների բոլոր մանրամասները», - հայտարարում էր ընդդիմադիր պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին:

Թբիլիսցի փորձագետների մի մասը ևս համոզված է, որ գազային թեմային նվիրված ռուս-վրացական բանակցությունները լուրջ վտանգ են պարունակում:

«Վրաստանի և «Գազպրոմ»-ի այս բանակցությունները բավական իրարամերժ բնույթ ունեն: Իրարամերժ է նաև մեր կառավարության պահվածքը: Սկզբում աբսուրդային հայտարարություններ էին հնչում ղազախական գազի գնման, հետո՝ իրանական ու ռուսական գազի մասին: Բացի այդ, խիստ կասկածելի է, թե ինչու է Վրաստանի կառավարությունը բանակցում մի ընկերության հետ, որն օկուպանտ պետությունն է ներկայացնում, ավելին՝ սեփական պետության ձեռքում որպես քաղաքական լծակ է ծառայում», - հայտարարում էր Վրաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեն:

Վրաստանի մայրաքաղաքում գործող պաշտոնաթող դիվանագետների ակումբն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց ընդհանրապես դադարեցնել բանակցությունները «Գազպրոմ»-ի հետ: «Այն փաստը, որ Ցյուրիխում կայացած հանդիպման մասին տեղեկությունները հայտնվել են դրա անցկացումից օրեր հետո, վկայում է, որ կառավարությունը չէր էլ պատրաստվում հանրությանը տեղեկացնել դրա մասին», - հայտարարում են վրացի փորձագետները` պահանջելով Կալաձեի հրաժարականը:

Ինքը էներգետիկայի նախարարը, հակադարձելով այս հայտարարություններին, երեկ պնդում էր․ - «Առայժմ որևէ արդյունք այս բանակցությունների ընթացքում չի արձանագրվել: Այնպես որ, փորձագետների նկարագրած ողբերգությունը իրականում մառազմ է և սուտ»:

Կալաձեի խոսքով՝ «Գազպրոմ»-ի և Վրաստանի բանակցություններում առկա միակ էական դետալն այժմ վերաբերում է Հայաստան մատակարարվող գազի տարանցման վճարներին:

«Գազպրոմ» ընկերությունն այժմ պահանջում է փոխել վճարման ձևը: Եթե նախկինում մենք իրավունք ունեինք օգտագործել Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը, ապա այժմ «Գազպրոմ»-ը ցանկանում է հստակ գումարով, այլ ոչ թե բնական գազով վճարել տարանցման դիմաց», - հայտարարում էր նախարարը:

Վրաց վերլուծաբանների կարծիքով, սակայն, նման առաջարկը Վրաստանի շահերից չի բխում:

Վրաստանի էներգետիկ ակադեմիայի նախագահ Ռևազ Արվելաձեն, մասնավորապես, ասել է․ - «Այն պահից, երբ Վրաստանը որպես տարանցման վճար պահանջեց իր տարածքով անցնող գազի 10 տոկոսը, «Գազպրոմ»-ը շարունակ փող էր առաջարկում: Դա, սակայն, մեզ ձեռնտու չէ, քանի որ գազի գինը շաղկապված է նավթի գնի հետ, ուստի մեզ ավելի ձեռնտու է վճարը ստանալ գազի տեսքով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG