Մատչելիության հղումներ

Կյուրեղյանը դիմել է Վճռաբեկ դատարան


Իրավապահները ձերբակալում են Հայկ Կյուրեղյանին: 12-ը հունիսի, 2014 թ․

Իրավապահները ձերբակալում են Հայկ Կյուրեղյանին: 12-ը հունիսի, 2014 թ․

Նա վիճարկում է առաջին ատյանի կայացրած ու վերաքննիչ ատյանի կողմից անփոփոխ թողնված վճիռը:

Դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ վիճարկելով առաջին ատյանի կայացրած ու վերաքննիչ ատյանի կողմից անփոփոխ թողնված վճիռը:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգից որևէ ակնկալիք չունենք: Բնականաբար այս հարցը անպայման Եվրոպական դատարանում պետք է բարձրացվի: Բայց որպեսզի Եվրոպական դատարան հասցնենք գործը, պետք է սպառել ազգային բոլոր դատական ատյանները», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով Վճռաբեկ դատարանում ներկայացնելու է Կյուրեղյանի շահերը:

Իրավապաշտպանների համոզմամբ քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանը ճաղերի հետևում հայտնվեց 2014-ի ամռանը, երբ Շանթ Հարությունյանի և վերջինիս համախոհների նկատմամբ դատավարության մեկնարկին մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում բողոքի ակցիա իրականացրեց:

Վճռաբեկ դատարանի հետ հույսեր չի կապում նաև Հայկի հայրը: «Դատական համակարգը ոտից գլուխ կոռումպացված է: Մենակ էն բանը, որ էս վերջերս դատավորները հայտարարագրում են իրենց ունեցվածքը, բացատրում են ինչ-որ նվերներով, շատ խոշոր չափի գումարների նվերներով իրենց հարազատների միջոցով, խոսում է այն մասին, որ էդ համակարգը ընդունակ չէ որևէ ճիշտ որոշում ընդունելու»:

Առողջական խնդիրներ ունեցող Կյուրեղյանը անցած տարեվերջին դիմել էր ծայրահեղ քայլի՝ մոտ մեկ ամիս հացադուլ էր պահել՝ բողոքելով ոչ պատշաճ բուժօգնությունից:

Այսօր Հայկին տեսակցած հարազատները փոխանցեցին, որ նա քրեակատարողական հիմնարկից դժգոհություն չունի, թեև առողջական վիճակը շարունակում է ընկճել․ - «Ինքը կազդուրման փուլի մեջ է գտնվում, կամաց-կամաց նորմալանում ա»:

Կյուրեղյանի փաստաբանները դեռ մեկ ամիս առաջ դիմում էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պնդելով, թե նախաքննության փուլում խախտվել էին իրենց պաշտպանյալի իրավունքները, իսկ Հատուկ քննչական ծառայությունը հաշվի չէր առել նրա ցուցմունքը, որ իրավապահները իր նկատմամբ բռնություն են կիրառել: Այս մասով հարուցված գործը, սակայն, ամիսներ անց կարճվեց․ Հատուկ քննչական ծառայությունը որոշել էր, որ Հայկ Կյուրեղյանի վնասվածքները ոչ թե բռնության, այլ դեպքի օրը սայթաքելու ու վայր ընկնելու հետևանք են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG