Մատչելիության հղումներ

Պուտինի ընկերների զավակները` մեկը մյուսից տաղանդավոր


Վլադիմիր Պուտինը մերձմոսկովյան նստավայրում ընդունում է «Ռոսսելխոզբանկ»-ի վարչության նախագահ Դմիտրի Պատրուշևին, արխիվ
Վլադիմիր Պուտինը մերձմոսկովյան նստավայրում ընդունում է «Ռոսսելխոզբանկ»-ի վարչության նախագահ Դմիտրի Պատրուշևին, արխիվ

Դաշնության թիվ մեկ բանկիրը Դմիտրի Պատրուշևն է։

Ռուսաստանյան բանկերի ընկերակցությունը հայտնել է «Տարվա բանկիր» անվանակարգում հաղթողի անունը։ Պատվավոր մրցանակին արժանացել է «Ռոսսելխոզբանկ»-ի վարչության նախագահ 38-ամյա Դմիտրի Պատրուշևը։

Մրցանակաբաշխության հանձնաժողովը գովեստով նշել է «2015 թվականի ընթացքում ազգային տնտեսության, մասնավորապես ագրոարդյունաբերական համալիրի զարգացման և հայրենի գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության աճին ուղղված «Ռոսսելխոզբանկ»-ի աշխատանքը»։

Բայց այստեղ կա մի ուշագրավ հանգամանք. «Ռոսսելխոզբանկ»-ը երկու տարի շարունակ չափազանց մեծ կորուստներ է գրանցում։

Դմիտրի Պատրուշևը 2010-ին է ստանձնել բանկի ղեկավարի պաշտոնը։ 2014-ին կորուստը 48 միլիարդ ռուբլի էր, իսկ 2015-ի նախնական տվյալներով՝ կորուստը կարող է հասնել 90 միլիարդի։

Անկման պատճառները տարատեսակ են` ընդհանուր ճգնաժամ, նավթի գնանկում, ռուբլու արժեզրկում, Ռուսաստանի Դաշնությունն էլ ենթարկվում է միջազգային պատժամիջոցների։ Սակայն նույնիսկ առարկայական արդարացումների դեպքում արդյո՞ք «Տարվա բանկիր» կարող է հռչակվել պաշտոնյա, որի ղեկավարած պետական բանկը ռեկորդային կորուստներով է փակում տարին։

Ռուսաստանում հնարավոր է։ Նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատները ուղղակի չեն նշում պատճառը, պարզապես հիշեցնում են, որ Դմիտրիի հայրը նախկինում Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, ներկայումս Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն է։

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2015-ի գարնանն ասել է, որ կառավարությունը «Ռոսսելխոսբանկ»-ին կտրամադրի 10 միլիարդ ռուբլու դրամաշնորհ՝ արևմտյան պատժամիջոցների հետևանքները մեղմելու համար։ Ի դեպ, «Ռոսսելխոզբանկ»-ը Ղրիմի բռնակցման կապակցությամբ պատժամիջոցների ենթարկված ռուսական ֆինանսական առաջին հաստատություններից մեկն է։

Ռուսաստանյան բանկերի ընկերակցության նախագահ Գարեգին Թոսունյանը հայտարարել է, որ Պատրուշև-կրտսերին «Տարվա բանկիր» հռչակելու հարցում տարօրինակ բան չկա։

«Հանձնաժողովն անկախ է, հավատացեք, մեր համակարգում երբեք ծանոթի միջոցով մրցանակ չեն շնորհում, այդ բանկը ճգնաժամային պայմաններում բավական արդյունավետ է աշխատել»,- ասել է Թոսունյանը։

Ռուսական ընդդիմադիր մամուլը նշում է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ներկայիս տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի որդին` Դենիսը, ՎՏԲ բանկի փոխնախագահն է։

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկինում փոխվարչապետ և պաշպանության նախարար Սերգեյ Իվանովի որդիներից 2014-ին դժբախտ պատահարի զոհ դարձած Ալեքսանդրը «Վնեշէկոնոմբանկ»-ի փոխնախագահն էր, իսկ Սերգեյը հիմա էլ «Սոգազ» բանկի վարչության նախագահն է։

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի նախագահը Բորիս Կովալչուկն է, նա «Ռոսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ և համասեփականատեր Յուրի Կովալչուկի որդին է։

Պյոտր Ֆրադկովը «Վնեշէկոնոմբանկ»-ը փոխնախագահն է, նրա հայրը Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն, նախկին վարչապետ Միխայիլ Ֆրադկովն է։

Ժամանակին Սերգեյ Մատվիենկոն զբաղեցրել է «ՎՏԲ Դևելոփմենթ» բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը, անձնական կարողությունը գերազանցում է 160 միլիոն դոլարը։ Նրա մայրը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է։

Ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Ահա այսպիսի հաջողակ և տաղանդավոր զավակներ է արտադրում Վլադիմիր Պուտինի առաջնորդած ռուսաց վերնախավը։ Բա որտե՞ղ են Պուտինի զավակները։

Ըստ Reuters-ի, Եկատերինա Պուտինայի ներկայիս ազգանունն է Տիխոնովա, նա ամուսնացել է Պուտինի վաղեմի բարեկամ, «Ռոսիա» բանկի բաժնետեր Նիկոլայ Շամալովի որդու` Կիրիլի հետ։ Ամուսինների կարողությունը մոտ 2 միլիարդ դոլար է։ Ռուսական պաշտոնական մամուլն այս տեղեկատվությունը չի հաստատում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG