Մատչելիության հղումներ

Կալանավորումից հետո առաջին անգամ փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր կարողացավ տեսակցել Գևորգ Սաֆարյանին։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընդդիմադիր ակտիվիստը գաղափարական ընկերոջ՝ Հայկ Կյուրեղյանի խցում է։

«Գևորգը իրեն լավ էր զգում, որևիցէ դժգոհություն, բողոք չուներ, սովորական պայմաններում էին»,- փոխանցեց փաստաբանը։

Ամանորի գիշերը ճաղերի հետևում հայտնված Գևորգն իր ազատության հարցն օր առաջ լուծելու համար գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին է դիմելու, միաժամանակ կալանքի որոշումը բողոքարկելով վերաքննիչ ատյանում՝ նաև գրավ առաջարկելով: Այս ընթացքում, փաստաբանի փոխանցմամբ, նախաքննական մարմինը ոչինչ չի ձեռնարկում, Գևորգն ու ոստիկան Գեղամ Խաչատրյանը մինչև օրս չեն առերեսվել, թեև տրամագծորեն հակառակ ցուցմունքներ են տվել: Դեռ հայտնի չեն նաև երկուսի դատաբժշկական փորձաքննության արդյունքները։

«Մի քանի անգամ հարվածներ է ստացել հենց Գեղամ Խաչատրյանի կողմից։ Եվ Գևորգի ասելով՝ Գեղամ Խաչատրյանը էդ ընդհանուրի մեջ փնտրել է, գտել է իրեն, հենց իր ուղղությամբ է եղել։ Գործողություններն ուղղված են իրեն մեկուսացնելուն»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։

Այսօր, սակայն, երիտասարդ ընդդիմադիրն ինքն է մեղադրյալի կարգավիճակում՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: «Նոր Հայաստան»-ի անդամները հիշում են՝ իրավապահները մի քանի տեսախցիկներով էին նկարահանում գիշերվա դեպքերը, ու եթե ապացույց ունենային, վաղուց էին հրապարակել:

Ոստիկանական բռնությունների մասին բարձրաձայնող Վահրամ Պետրոսյանն ու Գագիկ Եղիազարյանը միջադեպից մեկ շաբաթ անց՝ հունվարի 9-ին են միայն դատաբժշկական փորձաքննության ենթարկվել։

«Բժիշկը նայեց, ասաց՝ դե, արդեն ոչինչ չի երևում»,- ասաց Եղիազարյանը։

Երիտասարդները համոզված են՝ Հատուկ քննչական ծառայությունը տոնական օրերը որպես պատրվակ օգտագործեց, մինչև կվերանային ծեծի հետքերը։ «Միանշանակ միտումնավոր էր, որովհետև էդ 8 օրը բավականին ժամանակ է, որպեսզի էդ ընթացքում բռնության հետքերը անցնեն։ Նման փորձաքննությունը պետք է արվի անմիջապես»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։

«Դեռ բերման ենթարկելու պահին նշեցի, որ շրթունքս պատռված-ուռած է ձեր գործողություններ արդյունքում, ձեր տղաներն են հարվածել երկու անգամ իմ բերանին։ Ասացին՝ ի՞նչ հարվածել, դու ես կծել շրթունքդ։ Ես ասացի՝ դատաբժշկական փորձաքննությունը կպարզի։ Ու կանխամտածված էր դատաբժշկական փորձաքննությունը այսքան ձգձգելը»,- համոզված է Եղիազարյանը։

Ազատության հրապարակում արհեստական փոքրիկ տոնածառ տեղադրելու փորձի համար տարեմուտին ոստիկանական բաժանմունքում հայտնված ակտիվիստները պնդում են, որ իրավապահները առանց պատճառի ագրեսիվ հարձակվում էին իրենց վրա, հարվածներ հասցնում՝ հենց վերադասի աչքի առջև։

«Ոստիկանները բոլորին հարվածում էին ոտքերով, ձեռքերով։ Եթե վստահ չլինեին, որ չեն պատժվի, իրենք նման քայլի չէին գնա»,- կարծում է Պետրոսյանը։ «Ինչ-որ գումարտակի հրամանատարը իրեն թույլ չէր տա նման բռնություններ, երբ էնտեղ կանգնած էր Երևան քաղաքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և նրա տեղակալ Վալերի Օսիպյանը։ Ուղղակի մի հստակ հրահանգով կարող էին այդ ամենը մի վայրկյանում կանխել։ Թե՛ հրապարակում, թե՛ ոստիկանական բաժնում մեզ շատ անգամներ շեշտեցին, որ ձեր ժամանակը արդեն անցել է, ձեզ հետ ոնց կուզենք, նենց կվարվենք»,- պատմեց Եղիազարյանը։

Կպատժվեն, թե ոչ բռնությունների հեղինակները, ընդդիմադիր «Նոր Հայաստան»-ում լավատես չեն։ Մինչ օրս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անգամ ծառայողական քննություն չի նշանակել ենթակաների վարքը գնահատելու համար։

«Օրինազանց ոստիկանին պատժելու նախադեպը կարող է վախեցնել շատ ոստիկանների, որպեսզի նրանք ուղղակի հրաման կատարող չլինեն, սկսեն մտածել՝ արժի՞ կատարել հրամանը, թե՞՝ ոչ»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։

XS
SM
MD
LG