Մատչելիության հղումներ

Անցած տարի վարչապետի այցերի վրա ծախսվել է ավելի քան 84 մլն դրամ


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գերմանիայում: 2-ը հոկտեմբերի, 2015 թ․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գերմանիայում: 2-ը հոկտեմբերի, 2015 թ․

Ընդ որում, այս թիվը չի ներառում նրա այցը Չինաստան, որի արժեքի մասին մանրամասներն առայժմ հայտնի չեն:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է գործուղումները թանկարժեք հատուկ չվերթներով: 2015-ին այդ նպատակով բյուջեից ծախսվել է շուրջ 84 միլիոն դրամ: Ընդ որում, այս թիվը չի ներառում նրա այցը Չինաստան, որի արժեքի մասին մանրամասներն առայժմ հայտնի չեն:

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այս երևույթին ունի հակիրճ բնորոշում՝ «խրախճանք ժանտախտի ժամանակ»:

«Ինքը պետք է հաշվի նստի, թե ինքը ինչ պետություն է ներկայացնում: Եթե քո պետության քաղաքացին այսօր քաղցած է, ապա դու այդպիսի շռայլություն, այդպիսի հնարավորություն չպետք է ունենաս», - հավելում է Փոստանջյանը:

Ամիսներ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատուկ չվերթներով մեկնել էր Ղազախստան և Չեխիա: Այդ չվերթների իրականացման համար բյուջեից «Ավիաուսումնական կենտրոն» ընկերությանը վճարվել է ավելի քան 37 միլիոն դրամ:

Պարզվում է, որ այս հատուկ չվերթների համար հավելյալ ծախսերի կարիք է եղել: Մեկ ամիս առաջ կնքված երկու պայմանագրերով «Ավիաուսումնական կենտրոնին» ավելի քան ութ միլիոն դրամ է փոխանցվել օդանավի կայանման և լրացուցիչ թռիչքային ժամանակի համար:

Նույն օրը, երբ վարչապետի հատուկ չվերթների համար պայմանագրեր էին կնքվում, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստում ասաց, որ ճանապարհորդությունների քաղաքականությունը պետք է փոխվի․ - «Մյուս տարվա, ենթադրաբար, փետրվար կամ մարտ ամիսներից մենք կունենանք կենտրոնացված համակարգ տոմսերի պատվերի: Հիմնական կանոնը հետևյալն է՝ բոլոր աշխատողները ուղևորվում են «էկոնոմ» դասի չվերթներով, ընդ որում գնվում է ամենաէժան տոմսը, որը չի ենթադրում վերադարձ, ժամկետի փոփոխում և այլն: Երկրորդ խումբ անձինք դա նախարարներն են, մարմինների ղեկավարները, որոնց համար նախատեսվում է «էկոնոմ» դասի տոմս՝ բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունը 8 ժամից ավելի է»:

Նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս պաշտոնական այցերի մեկնում էր հատուկ չվերթներով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ակտիվորեն քննադատում էր Սարգսյանի աշխատակազմի այս ծախսերը: Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի, իրենք այսօր էլ դեմ են անարդյունավետ ծախսերին:

Պատգամավորը, այդուհանդերձ, ասում է, որ ինքը չի կարող պնդել, թե Հովիկ Աբրահամյանի այցերի համար ծախսվող գումարներն անարդյունավետ են․ - «Եթե դա նախատեսված է նախօրոք, որ ընդունող երկիրը պետք է ընդունի մեր վարչապետին, որպես պաշտոնական այցելություն․․․ ուրեմն ես չեմ կարող պնդել, որ դա անարդյունավետ է: Ուրեմն դա նախատեսված է ի վերուստ»:

Տարեվերջին լրագրողների հետ հանդիպմանը վարչապետը նշել էր, որ 2016-ին անարդյունավետ ծախսերը նվազեցվելու են, նույնիսկ կառավարության կազմը կկրճատվի․ - «2016 թվականին նոր մոտեցումներ են լինելու, նոր պահանջներ, ավելորդ ծախսերի կրճատումներ․․․ Մենք պետք է բոլոր ֆինանսական միջոցներն ուղղենք արդյունավետ ծախսեր իրականացնելուն»:

Զարուհի Փոստանջյանը ծախսերի կրճատման խոստումներից հետո արդյունք չի տեսնում: Նրա համոզմամբ՝ հատուկ չվերթների վրա ծախսվող գումարները կարող էին ուղղվել կարիքավոր տարեցների և երեխաների խնամքին․ - «Ունենալով մեկ միլիոնից ավելի աղքատ բնակչություն, իրավունք չունենք մեր հանրային գումարները այդպիսի ձևերով ծախսել: Եվ այստեղ պետք է ցանկացած դրամ խնայվի և ուղղվի ըստ նպատակի: Վարչապետը դա մեկ օղակ է․․․ Նախագահի աշխատակազմի գումարները հսկայածավալ են, և նրա թռիչքների գումարները նույնպես հսկայածավալ են: Այս ամենը պետք է խիստ քննադատել, և այս արատավոր երևույթը հնարավորինս շուտ մենք պետք է վերացնենք»:

XS
SM
MD
LG