Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզերի առողջապահության պատասխանատուների հետ։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, խորհրդակցության առանցքում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ իրավիճակի գնահատումն էր:

«Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դեպքերը, դիմելիությունը, անդրադարձ կատարվեց նաև ծանր հիվանդների վարման և բուժման գործընթացին: Բարդ դեպքերի վերլուծության և բուժման ընթացքը քննարկելու նպատակով առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խորհրդակցությանը ներկա առաջատար ռեանիմատոլոգներին հանձնարարեց մշտապես պահպանել կապը մարզային գործընկերների հետ», - ասված է հաղորդագրությունում:

Առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանը, ներկայացնելով իրավիճակի վերլուծությունը, նշել է, որ հանրապետությունում համաճարակ չկա, առկա է սեզոնային գործոնով պայմանավորված գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվություն, ինչը համահունչ է եվրոպական տարածաշրջանում տիրող իրավիճակին:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը` նախարարը մարզի առողջապահության պատասխանատուներին հանձնարարել է շարունակել մշտադիտարկումները, իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել համապատասխան կառույցներին` ըստ պահանջվող ձևերի, միաժամանակ ապահովելով վերահսկողություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG