Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը հորդորում է Human Rights Watch-ին «մնալ չափի մեջ»


Գևորգ Սաֆարյան, արխիվ

Գևորգ Սաֆարյան, արխիվ

Գլխավոր դատախազին ուղղված Human Rights Watch-ի նամակը, ինչպես նաև «Նոր Հայաստան»-ի անդամների հաղորդումը ուղարկվել են ՀՔԾ։

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանի իշխանություններին պահանջներ ներկայացնելու իրավունք չունեն։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է ազատ արձակել «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, ով երկու ամսով կալանավորվել է Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

«Ցանկացած հեղինակավոր կազմակերպության ես ուղղակի պիտի հորդորեմ մնալ չափի մեջ, իհարկե, ուշադիր լինել, հետևել, իրենց խորհուրդները, իրենց գնահատականները տալ, բայց այս կամ այն երկրում, առավել ևս Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրավական որևէ գործունեության հանդեպ իրենց գնահատականը և պահանջը ներկայացնելիս լինել ուղղակի չափի մեջ, չափի զգացողություն ունենալ։ Հայաստանի Հանրապետությունում գործում են ՀՀ օրենքները, և այս կամ այն քաղաքացին պատժվում կամ չի պատժվում ըստ ՀՀ գործող օրենքների, որոնք, ի դեպ, գրեթե ամբողջովին համապատասխանեցված են և՛ եվրոպական ստանդարտներին, և՛ միջազգային չափանիշներին»,- «Ազատության»-ը ասաց պատգամավորը։

Human Rights Watch-ը Սաֆարյանի կալանավորման առնչությամբ մտահոգություն է հայտնել երկու անգամ՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված նամակով, ինչպես նաև անցած շաբաթավերջին հրապարակած հայտարարությամբ։

«Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն քաղաքական ակտիվիստին և իրականացնեն անկողմնակալ հետաքննություն։ Իշխանությունները նաև պետք է քննարկեն հավաքի ընթացքում ոստիկանության վարքագիծը և ոստիկանական հնարավոր միջամտությունը կարծիքի, արտահայտման և հավաքների իրավունքների իրացմանը»,- հայտարարել է իրավապաշտպան կազմակերպությունը։

«Հաշվի առնելով միջադեպի չնչին բնույթը՝ երկու ամսվա կալանքը բոլորովին արդարացված չէ»,- ասել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Գիորգի Գոգիան՝ հավելելով.- «Սաֆարյանին ճաղերի ետևում պահելու որևէ արժանահավատ պատճառի բացակայության դեպքում դժվար է խուսափել եզրահանգումից, որ իշխանությունները թիրախավորում և ազատազրկում են Սաֆարյանին՝ նրա խաղաղ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով»։

Հանրապետական Մարգարիտ Եսայանը վստահում է հայաստանցի իրավապահների պրոֆեսիոնալիզմին, հայտարարում է՝ հորինված մեղադրանքով որևէ մեկը, այդ թվում նաև Գևորգ Սաֆարյանը չի դատապարտվի։ «Արդարացվա՞ծ էր Սաֆարյանի նկատմամբ երկամսյա կալանքը» հարցին հանրապետական Եսայանը չպատասխանեց՝ նշելով, թե չի տիրապետում գործի մանրամասներին, իրավաբան չէ։

Խորհրդարանական ուժերից Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն»-ը, ինչպես նաև մի շարք իրավապաշտպաններ, մինչդեռ, վստահ են՝ Գևորգ Սաֆարյանն անազատության մեջ է հայտնվել իր քաղաքական հայացքների պատճառով։

«Ես հարգանքով եմ վերաբերվում ակտիվիստների գործունեությանը, եթե նրանք տեղավորվում են օրենքի շրջանակներում»,- ասաց Մարգարիտ Եսայանը։

Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու կոչով գլխավոր դատախազին ուղղված Human Rights Watch-ի նամակը, ինչպես նաև Ամանորի գիշերը ոստիկանական բռնությունների մասին «Նոր Հայաստան»-ի հինգ անդամների հաղորդումը, մամուլի հրապարակումներն ու տեսանյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված 5 անդամների խափանման միջոց կալանքն անցած տարվա մայիսին փոխարինվեց հենց Գլխավոր դատախազության որոշմամբ, ի դեպ, հենց Human Rights Watch-ի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված կոչից հետո։

Շատ ընդդիմադիրներ այդ օրերին պնդում էին, թե Դատախազության որոշման վրա ազդել է առավելապես միջազգային կազմակերպությունների ճնշումը։ «Նոր Հայաստան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը կարծում է՝ Սաֆարյանի վերաբերյալ հայտարարությունն էլ ազդեցություն կունենա։

«Կարծում ենք, որ ի վերջո դրական արձագանք կլինի, բայց չի բացառվում, որ ձգձգումներ լինեն։ Իսկ եթե ոչ, ապա նշանակում է, որ ռեժիմը որոշել է այդ ճանապարհով գնալ, միգուցե կան հանգամանքներ, որ մեզ հայտնի չեն, իրենց հայտնի են, ու ինքը ուրիշ տարբերակ չունի։ Իսկ դա արդեն ռազմավարական իմաստով ավելի արագացնում է իր վախճանը»,- ասաց Ավետիսյանը։

XS
SM
MD
LG