Մատչելիության հղումներ

Ալիև. «Նախագահների վերջին հանդիպումը ևս ֆորմալ բնույթ է կրել»


Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Բեռնում, 19-ը դեկտեմբերի, 2015թ․
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Բեռնում, 19-ը դեկտեմբերի, 2015թ․

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անցյալ տարում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջընթաց տեղի չի ունեցել:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ 2015-ին ոչ մի առաջընթաց տեղի չի ունեցել, և նախագահների վերջին հանդիպումը ևս ֆորմալ բնույթ է կրել», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիևն ասել է, թե պատճառն այն է, որ Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, այլ ձգտում է որքան հնարավոր է երկար պահպանել «ստատուս քվոն», չի ցանկանում հեռանալ «օկուպացված հողերից»:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Շվեյցարիայում հանդիպել էին անցած դեկտեմբերի 19-ին:

Այսօր Ալիևն ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը արմատապես տարբերվում է․ - «Մենք ցանկանում ենք կարգավորել հակամարտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են հասնել հակամարտության կարգավորմանը, բնականաբար, դա միջնորդների պարտականությունների մեջ է մտնում: Բայց ցավոք ոչ մի լուրջ ճնշում օկուպանտի վրա չի գործադրվում»:

Նա հայտարարել է, թե 2015 թվականին Ադրբեջանը շփման գծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը և առաջիկայում ևս կուժեղացնի իր մարտական ներուժը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մինչդեռ, հիշեցնենք, ամփոփելով անցնող տարին՝ նշել էր, որ այն «լի էր հերոսականությամբ, աննախադեպ մեծ թվով դիվերսիոն խմբերի ջախջախումով»: «2015 թվականին հայկական բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը՝ զինված դիմակայության պայմաններում պաշտպանելով Հայրենիքի սահմանները», - ընդգծել էր Օհանյանը ամանորյա ուղերձում:

«Կարևոր էր, որ անցնող տարում ևս կարողացանք սաստել հակառակորդին և խաղաղություն պարտադրել նրան: Դա, իհարկե, արվեց բոլորիս կողմից ներդրված ջանքերի, մեր ուժի, քրտնաջան աշխատանքի, ցավոք, նաև զոհերի գնով», - իր ամանորյա ուղերձում գրել էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձել է կառավարության այսօրվա նիստում: Նրա նախագահությամբ անցկացված նիստում ամփոփվել են երկրի 2015-ի սոցիալ-տնտեսական արդյունքներն ու նաև անդրադարձել առաջիկա խնդիրներին:

Ալիևն ընդունել է, որ նավթի գնի անկումն ու մանաթի արժեզրկումը ազդեցություն են թողել Ադրբեջանի տնտեսության վրա, սակայն ասել է, թե այնուամենայնիվ տնտեսական աճ է գրանցվել, սոցիալական ծրագրերը չեն կրճատվել, իսկ երկրի բնակչությունը ավելացել է 114 հազարով: Ըստ նրա բերած թվերի՝ Ադրբեջանի տնտեսությունում 20 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել:

Տարածաշրջանային խնդիրներից նա անհանգստություն է հայտնել ռուս-թուրքական և Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների լարվածության աճի կապակցությամբ: Ալիևն ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Ադրբեջանի մոտիկ հարևաններն են, ու նրանց միջև ստեղծված իրավիճակը անցանկալի է: Իսկ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև լարվածության կապակցությամբ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այդ իրավիճակը ազդեցություն է թողնում մահմեդական աշխարհի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG