Մատչելիության հղումներ

Հունվարի 9-ի դրությամբ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 662 մարդ


Հիվանդ երեխան և նրա մայրը «Արաբկիր» հիվանդանոցի միջանցքում, 8-ը հունվարի, 2016թ.
Հիվանդ երեխան և նրա մայրը «Արաբկիր» հիվանդանոցի միջանցքում, 8-ը հունվարի, 2016թ.

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 9-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ:

Այսօրվա տվյալներով հոսպիտալացված է 85 հղի, որից 20-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում այսօրվա տվյալներով բուժում է ստանում 83 հիվանդ, 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին: Նրանցից մեկը հղի է:

«Ծանր հիվանդների թիվը մնացել է նույնը, ինչը վկայում է այն մասին, որ իրազեկման շնորհիվ հաջողվել է բարձրացնել բնակչության զգոնությունը և ապահովել հիվանդների դիմելիությունը հնարավորինս վաղ փուլերում»,- ասված է հաղորդագրությունում:

Նաև հաղորդվում է, որ հունվարի 8-ի դրությամբ տոնական օրերի համեմատ Երևանում նվազել է շտապօգնության կանչերի թիվը: 937 կանչից միայն 180-ն է պայմանավորված եղել սուր շնչառական վարակներով:

Առողջապահության նախարարությունը սուր շնչառական վարակներից և դրանց հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տալիս գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժությամբ, հատկապես՝ տարեց անձինք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, քանի որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում:

Հանգստյան օրերին՝ այսօր և վաղը Երևանի և մարզերի ամբուլատոր պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով։

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է կազմակերպել առաջին հերթին ռիսկային հղիների համայցեր, ինչպես նաև ավելացնել երեխաների տնային այցերի հաճախականությունը: ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչությանը հանձնարարվել է ուժեղացնել բժշկական կազմակերպություններում սանիտարական նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը:

«Իրավիճակը վերահսկելի է, ներկայումս համաճարակի վտանգ չկա, սակայն խորհուրդ է տրվում պահպանել վերը նշված բոլոր կանխարգելիչ միջոցառումները»,- հորդորում է Առողջապահության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG