Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը պահանջում է ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին


Գևորգ Սաֆարյան, արխիվ
Գևորգ Սաֆարյան, արխիվ

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է ազատ արձակել «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, ով երկու ամսով կալանավորվել է Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

«Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն քաղաքական ակտիվիստին, ով ձերբակալվել է հունվարի 1-ին հանրային հավաքի ժամանակ ու այնուհետ կալանավորվել, և իրականացնեն անկողմնակալ հետաքննություն։ Իշխանությունները նաև պետք է քննարկեն հավաքի ընթացքում ոստիկանության վարքագիծը և ոստիկանական հնարավոր միջամտությունը կարծիքի, արտահայտման և հավաքների իրավունքների իրացմանը»,- հայտարարել է իրավապաշտպան կազմակերպությունը։

«Հաշվի առնելով միջադեպի չնչին բնույթը՝ երկու ամսվա կալանքը բոլորովին արդարացված չէ»,- ասել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Գիորգի Գոգիան.- «Նախադատական կալանքը պետք է լինի ամենավերջին հանգրվանը, ոչ թե ընդհանուր կանոնը, և միայն այն դեպքերում, երբ կա հիմնավոր վտանգ, որ այդ անձը կթաքնվի արդարադատությունից կամ կխոչընդոտի հետաքննությանը»։

Իրավապաշտպան կազմակերպությունը Սաֆարյանի կալանավորման առնչությամբ իր մտահոգությունը հայտնել է նաև հունվարի 5-ին Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված նամակում, որում ևս կոչ էր արել նախաքննության փուլում ազատ արձակել ակտիվիստին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG