Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանի խնդիրը «բարեգործություն կամ համերգներ կազմակերպելը չէ»


Երևանի քաղաքապետարանի խնդիրը, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, քաղաքն ավելի հարմարվետ դարձնելն է։

Այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը գլխավոր տոնածառի, տոնական 4 համերգների և մոտ 3 րոպե տևած հրավառության վրա միջոցներ չի խնայել՝ ծախսելով ավելի քան 40 միլիոն դրամ։

Գումարը, ինչպես Հանրապետության հրապարակում տոնածառի բացման օրը հայտարարել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հատկացվել է համայնքային բյուջեից: «Բայց դա չի նշանակում, որ ամբողջությամբ ծախսվելու է, քանի որ դեռ ունենք բարերարներ, աջակցողներ», - հավելել էր քաղաքապետը:

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ քաղաքային բյուջեն հարստացնող բարերարների անունները ամեն տարի մնում են առեղծված, ու այդպես էլ հնարավոր չի լինում պարզել, թե կոնկրետ ովքեր են նրանք ու մասնավորապես որքան գումար են փոխանցել։ Արդյունքում, ճոխ նշված հերթական տոնակատարությունից հետո հնարավոր չի լինում պարզել, թե ծախսված միլիոնավոր դրամների որ մասն էր բարեգործություն, որը՝ հարկատուների գրպանից․ - «Ես կարող եմ ինձ թույլ տալ ենթադրել, որ խոսքը վերաբերում է առնվազն բյուջեով նախատեսված միջոցներին»:

Շռայլ ծախսերի վերաբերյալ քննադատությանը քաղաքային իշխանությունները հակադարձում են, թե մայրաքաղաքում տոնին սպասում են հազարավոր երևանցիներ։

Ակտիվիստ Կարեն Հարությունյանն ասում է, թե ինքն ուրախ կլիներ տոնական համերգի համար, եթե քաղաքապետարանը դրանից առաջ լուծած լիներ մյուս խնդիրները։

Երևանի քաղաքապետարանի խնդիրը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, ոչ թե բարեգործությունն է կամ համերգներ կազմակերպելը, այլ քաղաքն ավելի հարմարվետ դարձնելը․ - «Իսկ ուղղակի գումարները հրավառությունների միջոցով օդ կրակելով, հաստատապես դրանից Երևան քաղաքի բնակիչների համար քաղաքի հարմարավետությունը չի բարձրանում»։

Երևանի զարգացման քառամյա ծրագիրն ընդունվել էր 3 տարի առաջ: 2016-ը քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերջին հնարավորությունն է՝ իր իսկ ընդունած ծրագիրը կյանքի կոչելու, բայց, Սաֆարյանի կարծիքով, արդեն պարզ է, որ թղթին գրվածը իրականություն չի դառնա։

XS
SM
MD
LG