Մատչելիության հղումներ

«Փարկինգ սիթի սերվիզ»-ի աշխատանքը հարուցում է նոր բողոքներ:

Երևանում մեքենան կայանելիս պարտադիր ստուգեք՝ վճարովի՞ է ավտոկայանատեղին, թե՞ ոչ։ Կայանատեղիները սպասարկող «Փարկինգ սիթի սերվիզ» ընկերությունը հրաժարվում է մաքրել կարմիր գծերի վրայի ձյունը, տուգանքները, մինչդեռ, ուժի մեջ են։

Այս օրերին մայրաքաղաքում կարմիր գծերը միայն բահով է հնարավոր գտնել։ «Փարկինգ սիթի սերվիզ» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը պնդում է, որ իրենք օրենքի պահանջով տեղեկատվական ցուցանակ, ճանապարհային նշան են տեղադրել և կարմիր գծեր գծել, իսկ դրանք տեսանելի դարձնելը իրենց գործը չէ: Դրանով, ըստ նրա, պետք է զբաղվեն կոմունալ ծառայությունները:

Հարությունյանը խորհուրդ տվեց կարմիր գծերի փոխարեն ցուցանակներին հետևել։ Նման տեղեկատվական ցուցանակ հանդիպեցինք Զաքյան փողոցում, որը, սակայն, կայանատեղիից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էր տեղադրված։

Երևանի քաղաքապետարանից «Ազատության» հարցմանը դեռ չեն պատասխանել: Քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանի փոխանցմամբ՝ փորձում են պարզել, թե ով պետք է մաքրի կայանատեղիները:

Քաղաքապետարանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա նույնպես կարմիր գծերը ձյան հաշտ շերտի տակ էին, ուստի, ինչպես ասացին «Ազատության» հետ զրուցած վարորդները, անհնար է իմանալ, թե որտեղ են կայանում ավտոմեքենան:

Վարորդների իրավունքների համար պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը հիշեցնում է, որ «Փարկինգ սիթի սերվիզ» ընկերությունը պետք է ծառայություններ մատուցի, հարց հնչեցնելով, թե ուր են գնում վարորդների վճարած գումարները։

Կառավարության 2012 թվականի որոշմամբ, վճարովի կայանատեղիներում պետք է նշաններ և կարմիր գծեր լինեն, իսկ կայանատեղիի սահմանները՝ փողոցի երթևեկելի մասից սահմանազատված։

Փաստաբան Արտակ Խաչատրյանը ընդգծում է, որ ստեղծված վիճակում վարորդները կարող են չվճարել տուգանքները և դրանք բողոքարկել դատարանում․ - «Պիտի կահավորված լինի բոլոր անհրաժեշտ ատրիբուտներով: Որևիցե մեկի բացակայությունը արդեն թույլ է տալիս չվճարել»:

Ձյան տակ կարմիր գծեր փնտրող վարորդների համեմատ ավելի վատ վիճակում են հայտնվել կայանատեղիների համար վճարած վարորդները։ Թեև պահանջված գումարը մուծել են, բայց շատ դեպքերում կայանել չեն կարողանում՝ ձյան թմբերի պատճառով:

XS
SM
MD
LG