Մատչելիության հղումներ

Սահմանադրական հանրաքվեից հետո հարուցված բազմաթիվ քրեական գործերով առայժմ միակ մեղադրյալ Զավեն Միրիջանյանը, ամենայն հավանականությամբ, պատիժը կկրի ազատության մեջ։ Այսօր մեկնարկած դատական նիստին դատախազը միջնորդեց 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտել Կենտրոն վարչական շրջանի աշխատակցին․ վերջինս մեղադրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովում ՀԱԿ-ի ներկայացուցչին կաշառելու մեջ։

Ամբաստանյալն ամբողջությամբ ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը։ Հենց նրա միջնորդությամբ էլ դատավարությունն ընթացավ արագացված կարգով: Այդպիսով՝ դատարանը չանդրադարձավ մեղադրանքն ապացուցող փաստերի մանրամասներին՝ անպատասխան թողնելով բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ո՞ւմ հրահանգով և միջոցներով էր թաղապետարանի աշխատակիցը կաշառել ընդդիմության ներկայացուցչին։

Այսօր մեկնարկած և ընդամենը 30 րոպե տևած դատաքննությանը ամբաստանյալն ու իր պաշտպանը հանցանքը մեղմացնող միջնորդություններ ներկայացրեցին։ Պարզվեց՝ հանրորեն վտանգավոր արարքի համար մեղադրվող՝ թաղապետարանի աշխատակիցը քաղաքապետ Տարոն Մարգարյանից բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր է ստացել։

Որպես հանցանքը մեղմացնող այլ հանգամանք, Միրիջանյանը նաև իր և իր կնոջ առողջական խնդիրները վկայող բազմաթիվ փաստաթղթեր ներկայացրեց, ինչն, ըստ էության, բավարարեց մեղադրող կողմին։

ՀԱԿ-ը, ում հաղորդման հիման վրա էլ հարուցվել էր քրգործը, մեղադրող կողմի պահանջի բավարարման դեպքում կբողոքարկի դատարանի վճիռը: Ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պնդում է, որ Միրիջանյանը գործել է իշխանության հրահանգով, և արագացված դատավարությամբ դատարանը պարտակում է այդ հանցագործությունը։

«Իրականում դատախազությունը եթե գործեր օրինականորեն, պետք է հետազոտեր, հետաքններ հրամանի այդ ամբողջ շղթան: Պարզ է, որ եթե շատ լավ հետաքններ, դուրս կգար հենց Սերժ Սարգսյանի վրա, որովհետև հանրաքվեի այս ամբողջ համատարած կեղծումը այլ կազմակերպիչ, քան Սերժ Սարգսյանն է, չէր կարող ունենալ»,- ասաց Զուրաբյանը:

Ըստ մեղադրականի, Միրիջանյանը 100 հազար դրամի դիմաց ՀԱԿ-ի անդամից պահանջել է քվեների հաշվարկի ընթացքում դուրս գալ տեղամասից, ինչպես նաև՝ ներկայացնել ՀԱԿ-ի երկու կեղծ վկայական։ Լևոն Զուրաբյանի պնդմամբ, այս փաստը ևս ապացուցում է, որ ամբաստանյալը միայնակ չի գործել։

«Սա իդեալականորեն ապացուցված հանցագործություն է, այսինքն՝ ավելին ապացուցել հնարավոր չէր: Տեսաժապավենը կար, կոնկրետ գործողությունները ֆիքսված էին: Փաստորեն, ըստ էության, և՛ դատախազը, և՛ դատավորը սա համարում են մի հանցագործություն, որ կարելի է հանդուրժել, ինչ-որ պայմանական ժամկետներ դնել․․․»:

Զավեն Միրիջանյանի գործը հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումներին առնչվող գործերից միակն է, որ դատարան է հասել։ 5 տասնյակից ավելի քրեական գործեր դեռ նախաքննության փուլում են, դրանց շրջանակներում մեղադրյալների ու կասկածյալների անուններ առայժմ չեն նշվում։

«Սա նշանակում է, որ, իշխանություններն ընտրակեղծարարներին ուղերձ են հղում՝ «մենք ձեր մեջքին կանգնած ենք և մինչև վերջ ձեզ հովանավորելու ենք»,- եզրակացնում է Լևոն Զուրաբյանը։

XS
SM
MD
LG